ԵՄ երկրների կողմից ՀՀ քաղաքացիներին վիզաների տրամադրման ողջ գործընթացն իսկապես մտահոգիչ է. Միրզոյան

ԵՄ անդամ երկրների կողմից մեր քաղաքացիներին վիզաների տրամադրման, հերթագրման կամ հարցազրույցների գործընթացը իսկապես մտահոգիչ է: Այդ մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ հայկական կողմը այս հարցը մշտապես պահում է Երևանում ներկայացուցչություն ունեցող ԵՄ անդամ երկրների գործընկերների ուշադրության կենտրոնում:
Ստացված պատճառաբանությունները տարբեր են՝ տեխնիկականից մինչև ֆինանսական: Դեպքեր կան, ըստ նախարարի, ընդունում են դիմողի դժգոհությունը, բայց բացառիկ դեպքեր էլ կան, որ հայկական կողմը կարծում է՝ ՀՀ քաղաքացու հանդեպ հարգալից վերաբերմունք չի դրսևորվել:
«Դեպքերի մեծ մասում մենք առարկություն չունենք: Հիմա դրանք են նրանց ընթացակարգերը, և դա իրենց որոշելիքն է ընդհանուր առումով: Բայց ընդհանուր առմամբ խնդրի լեգիտիմությունը և խնդրի գոյությունն ընդունում եմ, և առաջին անգամ չէ, որ ԱԳ նախարարն ասում է, որ այս հարցով մենք ԵՄ գործընկերների հետ աշխատում ենք»,- ասաց նա:
Ըստ Միրզոյանի՝ իրավիճակի լավագույն լուծումը կլինի վիզաների ազատականացման գործընթացի արդյունավետ և հնարավորինս արագ ավարտը:
«Այստեղ էլ գաղտնիք չէ, որ ՀՀ-ն իր բաժին գործն ունի անելու, միայն ԵՄ դաշտում մնացած որոշումը չէ՝ սկսած կենսաչափական անձնագրերի ներդրումից, վերջացրած բազմաթիվ այլ հարցերով»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը հայտարարել է, որ հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի: Դիմումները կընդունվեն միայն TLScontact-ում։ Փոփոխությունների շրջանում կպակասեցվի առաջարկվող պայմանավորվածությունների քանակը, կերկարի սպասելաժամանակը։