Չինաստանը կպաշտպանի իր ուսանողների և գիտնականների իրավունքները, եթե ԱՄՆ-ում նրանց վիզաները չեղարկվեն

ԱՄՆ-ում օտարերկրյա ուսանողների այցագրերի հնարավոր չեղարկումը վնաս կհասցնի Վաշինգտոնի միջազգային հեղինակությանը, և Պեկինը հնարավոր ամեն բան կանի չինացի ուսանողների և գիտնականների իրավունքները պաշտպանելու համար: Այս մասին հաղորդում է Global Times-ը՝ վկայակոչելով Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանին։
Մեկնաբանելով Հարվարդում սովորելու համար օտարերկրյա ուսանողների՝ ԱՄՆ մուտքի կասեցումը՝ նա նշել է, որ Վաշինգտոնի նման գործողությունները միայն վնաս կհասցնեն իրենց սեփական իմիջին և միջազգային հեղինակությանը:
Լին Ցզյանի խոսքով՝ Չինաստանը վճռականորեն կպաշտպանի չինացի ուսանողների և գիտնականների օրինական իրավունքներն ու շահերը արտասահմանում։ Դիվանագետը դեմ է հանդես եկել կրթության քաղաքականացմանը և ընդգծել, որ կրթության ոլորտում համագործակցությունը շահավետ է ինչպես Չինաստանի, այնպես էլ Միացյալ Նահանգների համար։
Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է օտարերկրյա ուսանողների, այդ թվում՝ Չինաստանի քաղաքացիների վիզաների հնարավոր չեղարկման մասին, ինչը Չինաստանի կողմից ընկալվել է որպես իր շահերին հակասող։ The Associated Press-ի տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ում սովորում է Չինաստանից շուրջ 300 000 ուսանող։