ԵՊՀ-ն ընդլայնում է գործակցությունը ԶՊՄԿ-ի հետ

ԵՊՀ-ի և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի միջև կնքվեց համագործակցության հուշագիր՝ ընդլայնելու կողմերի միջև գործակցային կապերը։ Այս մասին հայտնում են ԵՊՀ-ից։
Հուշագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել երկրաբանական, հիդրոլոգիական, հիդրոերկրաբանական և մի շարք այլ հետազոտություններ, այդ թվում՝ հանքարդյունաբերության ազդեցության գնահատում:
Հուշագիրը հնարավորություն է ընձեռում կազմակերպելու ԵՊՀ ուսանողների մասնագիտական պրակտիկաները ԶՊՄԿ արտադրությունում և լաբորատորիաներում։ Համագործակցության շրջանակում ակնկալվում է մասնագետների փոխանակում, այն է՝ հյուր դասախոսությունների շրջանակում ԶՊՄԿ մասնագետները կընդգրկվեն համալսարանական կրթական ծրագրերում, իսկ ԵՊՀ կադրերը կներգրավվեն ԶՊՄԿ մասնագիտական աշխատանքներում:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ընդգծելով գործակցության ամրապնդման կարևորությունը, նշեց, որ համալսարանը համագործակցության նոր էջ է բացում ՀՀ ամենախոշոր հարկատուի՝ ԶՊՄԿ-ի հետ, որը երկուստեք արդյունավետ գործընթաց է՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ ԵՊՀ-ն ՀՀ ամենամեծ բուհն է և անհրաժեշտ կադրերի դարբնոց ԶՊՄԿ-ի համար։
«Համագործակցության արդյունքում ուսանողները կշարունակեն իրենց ուսումնական պրակտիկան ԶՊՄԿ-ում՝ հնարավորություն ստանալով տեղում ծանոթանալու և մասնակցելու արտադրության ողջ գործընթացին՝ այդպիսով նաև տեսական գիտելիքները վերածելով գործնական հմտությունների»,- ասաց ռեկտորն ու ընդգծեց, որ առաջիկայում նախատեսվում է խորացնել համագործակցությունը նաև գիտահետազոտական ոլորտում՝ առավել ամրապնդելով կրթություն-գիտություն-արտադրություն կապը:
«Ամբողջ աշխարհում արտադրության ոլորտի խոշոր ընկերությունները հետազոտական պատվերներ են տալիս համալսարաններին, որպեսզի իրենց բիզնեսին վերաբերող խնդիրներին ճիշտ լուծումներ տրվեն: Այս տեսանկյունից ԵՊՀ-ն պատրաստ է իր մասնագիտական, հետազոտական գիտելիքները ներդնելու և էլ ավելի հզորացնելու նաև ԶՊՄԿ-ի կարողությունները»,- շեշտեց Հովհաննես Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ԶՊՄԿ-ի հետ համագործակցությունը չի սահմանափակվում միայն Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետով, քանի որ կազմակերպության գործունեության հետ սերտ առնչություն ունեն Կենսաբանության, Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետները ևս.
«Մեր նպատակը մեկն է՝ շարունակաբար բարձրացնել կրթության որակը, դրա միջոցով զարգացնել տնտեսությունն ու ուժեղացնել մեր երկիրը»,- եզրափակեց ԵՊՀ ռեկտորը։
ԶՊՄԿ տնօրեն Արմեն Ստեփանյանն ընդգծեց, որ կարևորում են կրթության և մշակույթի ոլորտներում ներդրումները, որովհետև դրանք մեծ մասամբ ծառայում են ապագա սերնդի բարօրրությանը։
«Մեր հիմնական ուղղությունը երկրաբանությունն է, բայց օժանդակ մասնագիտությունները ևս շատ կարևոր են, քանի որ առանց դրանց դժվար է իրականացնել որակյալ հանքարդյունաբերություն, որը, անշուշտ, միայն փորելն ու հանքանյութ հանելը չէ: Մեր կառույցում կարող եք հանդիպել տարատեսակ մասնագետների։ Մենք լիահույս ենք, որ մեր համագործակցությունը ԵՊՀ-ի հետ ապագայում կտա իր պտուղները»:
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանն էլ հիշատակեց նախորդ տարի ԶՊՄԿ-ի հետ ֆակուլտետի ունեցած սերտ գործակցությունը, որի շրջանակում ուսանողներն այցելել են կոմբինատ ու ականատես եղել հանքարդյունաբերական աշխատանքների.
«ԶՊՄԿ-ի աջակցությամբ այս տարի ևս Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողներն իրենց ղեկավարների ուղեկցությամբ ուսումնական պրակտիկան կանցակցնեն Սյունիքում՝ մասնակցելով կոմբինատի աշխատանքներին: Այս տեսանկյունից արդեն իսկ ունենք հաջող փորձ։ Արձանագրել ենք, որ անցած տարվա պրակտիկան բավական արդյունավետ էր»,- ասաց Քելյանն ու հավելեց, որ ֆակուլտետի՝ ոլորտի գործընկերների աջակցությամբ նախատեսում են Սյունիքի մարզի աշակերտների համար այս տարի կազամակերպել ամառային ճամբար, որի նպատակն է առավել մանրամասն և բազմակողմանիորեն ներկայացնել երկրաբանություն մասնագիտության առանձնահատկություններն ու այդպիսով նպաստել նրանց մասնագիտական կողմնորոշմանը։