Եվրահանձնաժողովը հաստատել է Բուլղարիայի՝ եվրոյին անցնելու պատրաստվածությունը

Եվրահանձնաժողովը հաստատել է, որ Բուլղարիան պատրաստ է 2026 թվականի հունվարի 1-ից անցնել եվրոյի:
Սա նշանակում է, որ Բուլղարիան կդառնա 21-րդ պետությունը, որը կմիանա եվրոգոտուն։ Ներկայումս տվյալներ չկան այն մասին, որ որևէ երկիր դեմ է հանդես եկել Բուլղարիայի՝ եվրոգոտու անդամակցությանը։ Միևնույն ժամանակ, պաշտոնական որոշումը նախատեսվում է ընդունել 2025 թվականի հուլիսի 8-ին՝ ԵՄ ֆինանսների նախարարների մակարդակով։
ԵՀ հայտարարությունից հետո Բուլղարիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են բուլղարական լրատվամիջոցները։ Վերածնունդ կուսակցության առաջնորդ Կոստադին Կոստադինովը, ելույթ ունենալով ամբիոնից, հայտարարել է, որ սա երկրի համար «սև օր» է։ Կուսակցությունը կողմ էր ազգային արժույթի՝ լևի պահպանմանը։
Մայիսի վերջին Բուլղարիայում լայնածավալ բողոքի ցույցեր էին անցկացվել եվրոյին անցնելու դեմ։ Բողոքի ակցիաներին այս քաղաքական ուժից բացի մասնակցել են նաև այլ կուսակցություններ և քաղաքացիական միավորումներ։ Ցուցարարները դժգոհ էին ոչ միայն եվրոյին անցնելու, այլև այն հանգամանքի կապակցությամբ, որ այս հարցով հանրաքվե չի անցկացվել։
Աղբյուրը՝ b24.am