Տիգրան Խաչատրյանն ընդունել է KfW-ի պատվիրակությանը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորած պատվիրակությանը։
Տիգրան Խաչատրյանը մեծապես կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև փոխգործակցության շարունակական զարգացման գործընթացում էներգետիկ և ջրային ոլորտներում ՎՎԲ աջակցությամբ իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի նշանակությունը։ Այս համատեքստում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել ընթացիկ ծրագրային շրջանակին, մասնավորապես՝ Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի, ինչպես նաև Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի կառուցման ծրագրերի ընթացքին:
Մտքեր են փոխանակվել նաև երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունների վերաբերյալ։