Շիրակում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից․ ահազանգում է պատգամավորը

Շիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ Աշոցք համայնքի բազմաթիվ բնակավայրերում վարակված անասուններ կան, մինչդեռ պետական կառույցները լուռ են։ «Ո՛չ վերահսկողություն կա, ո՛չ լուրջ փոխհատուցում, ո՛չ պատասխանատվություն։ Այս իրավիճակն այլևս ոչ թե մասնագիտական բացթողում է, այլ իշխանությունների հանցավոր անփութություն»,- գրել է Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ գյուղացին ոչ միայն կորցնում է ապրուստի աղբյուրը, այլև հիվանդությունը շարունակվում է տարածվել, համապատասխան կառույցներն էլ որևէ լուրջ գործողություն չեն անում։
Պատգամավորը դիմում է պետական կառույցներին՝ պահանջելով շտապ արձագանք, համապարփակ ստուգումներ մարզում, արդար փոխհատուցում կրած վնասների դիմաց։ Մելքոնյանն ընդգծում է՝ անհրաժեշտ է նաև բրուցելոզի կանխարգելման նպատակով իրազեկման համապետական արշավ իրականացնել։ Նախազգուշացնում է՝ համապատասխան քայլեր չձեռնարկելու դեպքում համաճարակը կհասնի մարզի մյուս համայնքներ։
Նշենք, որ բրուցելոզի վարակման մի շարք դեպքեր են արձանագրվել վերջին շաբաթներին Գեղարքունիքի մարզում։
Ամբողջությամբ՝ arm.sputniknews.ru