«Վեոլիա ջուր»-ի հետ հարաբերությունների հստակեցման կարիք կա. Քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը 6 կետից բաղկացած նամակ է ուղարկել կառավարություն և Ջրային կոմիտե՝ առաջարկելով վերանայել «Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագրային հարաբերությունները: Վերջին կետը վերաբերում է ծառայությունների մատուցման գույքային տիրույթի հստակեցմանը, քանի որ 2016 թվականին «Վեոլիա ջուր» ընկերությանը վարձակալության տրված գույքի ցանկը թերություններով է եղել։
«Մայրաքաղաքում բազմաթիվ են դեպքերը, երբ խնդիրը վերաբերում է «Վեոլիա ջրի» սպասարկման տիրույթից դուրս գտնվող գույքին, քանի որ այն բացակայում է ցանկում: Դա վերաբերում է նաև նորակառույց շենքերին և այնտեղ տեղադրված պոմպակայաններին: Կառուցապատողների մեղքով պոմպը չի հանձնվել «Վեոլիա ջրին» կամ պետությանը և դարձել է գլխացավանքի ու բնակիչների վեճի առարկա»,-Քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ այս մասին հայտնեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսեց կոյուղու հետ կապված վթարներին և հանրության շրջանում տարածված սխալ կարծիքին:
«Դա պետական գույք է, ենթադրում եմ՝ մի մասն էլ հանձնված չէ «Վեոլիա ջրին»: Ստացվում է, որ քաղաքում ունենք ենթակառուցվածք, որը մեր սեփականությունը չէ, մեր ենթակայության տակ չէ, մաշված է աննկարագրելի չափով։ Շատ կարևոր է հասկանալ, թե հարցը ում պատասխանատվության տակ է։ Եկեք օրենքով հստակեցնենք դա, տեղափոխենք մեր իրավասության դաշտ, մենք էլ կիմանանք, որ դա մեր պարտականությունն է, և կսկսենք պլանավորել համապատասխանաբար»,–ասաց Ավինյանը։
Ավինյանը հայտնեց, որ վերջին մեկ շաբաթում 400 վթար է եղել, և քաղաքապետարանը ստիպված է լուծել խնդիրներ, որոնք իր տիրույթում չեն։