Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին

Օրենսդրական փաթեթի նպատակը ԵԱՏՄ «Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին» արձանագրությամբ նախատեսված ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում կաբոտաժային փոխադրումների իրականացման 2016-2026 թվականների փուլային ազատականացման ծրագրի ապահովումն է:
Այդ մասին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ասել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 9-ի նիստում: Փոխնախարարը քննարկման է ներկայացել ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն նախատեսող օրենսդրական փաթեթը:
Առաջարկվում է օրենսդրորեն սահմանել, որ ԵԱՏՄ անդամ պետություններում գրանցված փոխադրողները ՀՀ տարածքում կաբոտաժային փոխադրումներ կարող են իրականացնել միայն ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջպետական փոխադրումն ավարտելուց հետո: Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխադրողների կողմից Հայաստանի տարածքում կաբոտաժային փոխադրումներ իրականացնելու պահանջները հաստատվում են լիազոր մարմնի կողմից:
Փոխնախարարը պարզաբանել է, որ «կաբոտաժային փոխադրումներ» նշանակում է փոխադրում, որը ԵԱՏՄ անդամ պետություններից մեկի տարածքում գրանցված փոխադրողների կողմից ԵԱՏՄ այլ անդամ պետության տարածքում գտնվող կետերի միջեւ բեռների ավտոմոբիլային փոխադրումն է:
Միության անդամ պետությունների փոխադրողների կողմից Հայաստանի տարածքում կաբոտաժային փոխադրումներ իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնելու պահանջները կհաստատվեն լիազոր մարմնի կողմից: