Ֆրանսիայի աջակցությամբ Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում առողջապահական աշխատանքներ են իրականացվել

Ֆրանսիայի աջակցությամբ Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում առողջապահական աշխատանքներ են իրականացվել
Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում իրականացված և ընթացքի մեջ գտնվող առողջապահական ծրագրերը դիտարկելու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին, Իզերի դեպարտամենտալ խորհրդի մշակույթի, ժառանգության և ապակենտրոնացված համագործակցության հարցերի փոխնախագահ Պատրիկ Կուրտոյին:
Այցի առաջին կանգառը Մարտունի համայնքի Ծովինար գյուղում էր, որտեղ 2024 թվականի ընթացքում իրականացվել են բուժամբուլատորիայի շենքի հիմնանորոգման աշխատանքները` 12 միլիոն դրամ արժողությամբ, որի 50 տոկոսը հատկացվել է ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» կազմակերպության կողմից, իսկ 50 տոկոսը՝ Ծովինարի բուժամբուլատորիայի տնտեսված միջոցներից։
Ֆրանսիական կողմը Ծովինարի բուժամբուլատորիային նվիրել է նաև մանկական կշեռք, էլեկտրասրտագրության ապարատ, անալիզատոր, խոնավաչափ, սեղաններ, քարտադարան և դեղորայքի պահարան։
Այցի երկրորդ կանգառը Մարտունի համայնքի Վերին Գետաշեն գյուղում էր, որտեղ 2025 թվականի ապրիլի կեսերից սկսվել և ընթանում են բուժամբուլատորիայի շենքի հիմնանորոգման աշխատանքները։ Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 20 միլիոն 500 հազար դրամ, որն ամբողջությամբ իրականացվում է «Բժշկական օգնություն և զարգացում» կազմակերպության կողմից տրամադրված միջոցներով։
Շինարարությունը նախատեսված է ավարտի հասցնել 2025 թվականի օգոստոսի վերջին։
Նախնական պայմանավորվածության համաձայն՝ հիմնանորոգման ծրագրում առաջիկայում կընդգրկվի Երանոսի բուժամբուլատորիան։