Շիրակի մարզպետն ընդունել է 2024-2025 ուստարում միջազգային օլիմպիադաներում մեդալներ նվաճած աշակերտներին

Շիրակի մարզպետն ընդունել է 2024-2025 ուստարում միջազգային օլիմպիադաներում մեդալներ նվաճած  աշակերտներին
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր ընդունել է 2024-2025 ուստարում տարբեր առարկաներից միջազգային օլիմպիադաներում մեդալներ նվաճած շիրակցի աշակերտներին։ Այս ուստարում շիրակցի 11 աշակերտներ մրցանակներ են բերել տարբեր միջազգային օլիմպիադաներից, նրանցից 3-ը միանգամից 2 տարբեր միջազգային օլիմպիադաների են մասնակցել և մեդալների արժանացել։
Ռոբոտների համաշխարհային օլիմպիադա, ռոբոտաշինության, Ժաուտիկովյան, ինֆորմատիկայի, շախմատի, ծրագրավորման միջազգային օլիմպիադաներում շիրակցի դպրոցականները կարողացել են վաստակել մեդալներ, զբաղեցնել առաջատար տեղեր ու հայրենիք վերադառնալ լուրջ ձեռքբերումներով։
«Ձեր մասնակցությունը միջազգային առարկայական օլիմպիադաներին և ունեցած հաջողությունները շատ կարևոր են մեզ համար, մեր մարզի ու պետություն համար, ձեր գիտելիքով ու խելքով դուք կարողացել եք մեծ պետություններին ու բազմաթիվ մասնակիցներին ապացուցել, որ տարածքով փոքր Հայաստանում ապրում են շատ խելացի երեխաներ, որոնք կարող են գիտելիքով ձեռնոց նետել շատերին ու հաղթանակած տուն դառնալ։ Ձեզ նման աշակերտներ, սերունդ ունենալը մեծ ներդրում է մեր երկրի համար, որի պտուղները վաղն ենք քաղելու։ Իսկ այսքան խելացի երիտասարդներ ունեցող Հայաստանը վաղն առավել զարգացող, հզոր ու բարեկեցիկ կլինի։ Նոր ձեռքբերումներ ու հաջողություններ եմ մաղթում բոլորիդ»,- նշել է Շիրակի մարզպետը՝ դպրոցականների յուրաքանչյուր ձեռքբերման և հաջողության մեջ կարևորելով մանկավարժների ջանքերն ու ներդրումը։
Դավիթ Առուշանյանը զրուցել է աշակերտների հետ, բոլորին առանձին լսել, հետաքրքրվել օլիմպիադաներում ունեցած հաջողություններից ու անելիքներից, ապագայի պլաններից, հանձնել հուշանվերներ։
Աշակերտներն ու նրանց ուղեկցող տնօրենները շնորհակալություն են հայտնել մարզպետին ջերմ ընդունելության, կրթության նկատմամբ հոգատար վերաբերմունքի և գնահատանքի խոսքերի համար՝ նշելով, որ դա առավել պարտավորեցնող է։
Նշենք, որ միջազգային օլիմպիադաներում ամենաշատ մեդալներ նվաճել են «Ֆոտոն» վարժարանի սաները՝ 9 աշակերտ, մեկական աշակերտ էլ մեդալների արժանացել են «Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցից» և «Առափիի միջնակարգ դպրոցից»։