Տավուշի մարզի որոշ դպրոցներում հիդրոպոնիկ ջերմոցներ կկառուցվեն

Տավուշի մարզի որոշ դպրոցներում հիդրոպոնիկ ջերմոցներ կկառուցվեն
Հունիսի 10-ին Տավուշի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն «ՀիդրոԳրին Տավուշ» ծրագրի ղեկավար կազմի հետ՝ ՓՀԷԽ տնօրեն Էէրո Յանսոնի գլխավորությամբ։ Քննարկմանը մասնակցեցին նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Դպրոցական սնունդ եւ ավելացված արժեքի դպրոցական բաղադրիչ» հիմնադրամի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը եւ Տավուշի մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուներ։
Խորհրդակցության ընթացքում «ՀիդրոԳրին Տավուշ» ծրագրի թիմը ներկայացրեց Տավուշի մարզի Աչաջուր, Սեւքար եւ Կողբ համայնքների դպրոցներում կառուցվող հիդրոպոնիկ ջերմոցների շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկայում նախատեսվող փուլերը։ Շեշտադրվեց, որ ջերմոցների կառուցումն ուղղված է մի քանի կարեւոր նպատակների իրականացմանը՝ դպրոցական սննդի բաղադրիչի հարստացում, էկոլոգիական եւ ժամանակակից գյուղատնտեսական կրթության զարգացման խթանում, ինչպես նաեւ համայնքների ներգրավվածության բարձրացում։
Խորհրդակցության մասնակիցները կարեւորեցին համագործակցության շարունակականությունն ու ծրագրի ներուժը՝ կրթական եւ սոցիալական նշանակություն ունեցող խնդիրների համապարփակ լուծման համատեքստում։