Հաշտարարության ինստիտուտի բարեփոխմանն ուղղված իրավակարգավորումներ են մշակվել

Հաշտարարության ինստիտուտի բարեփոխմանն ուղղված իրավակարգավորումներ են մշակվել

2022 թվականին «Հաշտարարության մասին» օրենքի լայնածավալ փոփոխությունների արդյունքում պրակտիկայի վերլուծություն է կատարվել և հաշտարարության ինստիտուտի շարունակական բարելավման ու արդյունավետության բարձրացման եւս մեկ շրջանակ է առանձնացվել: Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը և մանրամասնել «Հաշտարարության մասին» օրենքում և Քաղաքացիական դատավարության օրենսգրքում առաջարկվող լրացումները և փոփոխությունները:

Տիգրան Դադունցի խոսքով այս տարվա հուլիսի 1-ից ընտանեկան գործերով պարտադիր հաշտարարության ինստիտուտը կգործարկվի և նախատեսված փոփոխություններն ավելի կնպաստեն այս ինստիտուտի կայացմանը:

Առաջարկվում է առցանց հաշտարարության կիրառումն ավելի կատարելագործել՝ հստակ նշելով, որ առցանց հաշտարարության դեպքում կողմերը կարող են հաշտարարությունն էլեկտրոնային եղանակով ստորագրել: Փոխնախարարի գնահատմամբ սա կարևոր քայլ է, որը կնպաստի հաշտարարության դեպքերի աճին: Փորձ է արվում բարձրացնել հաշտարարական հաստատությունների դերը:

Ներդվում է համահաշտարարության ինստիտուտը: Որոշակի բարդ գործերի դեպքում կողմերը կարող են համաձայնել և մեկից ավելի հաշտարարներ մասնակցեն գործին: Ըստ փոխնախարարի՝ սա կարևոր է հատկապես բազմոլորտ վեճերով բարդ գործերի դեպքում:

Քաղաքացիական դատավարության օրենսգրքում առաջարկվող փոփոխությամբ էլ, եթե դատարանը նշանակում է արտոնագրված հաշտարարություն կամ արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ համաձայնություն է կայացվում դատական գործի ընթացքում, ապա կողմերը կկարողանան նաև շեղվել դատարան ներկայացված հայցի առարկայից և հիմքից: Տիգրան Դադունցի պարզաբանմամբ հաճախ կողմերը հաշտարարության ընթացքում վեճի հայցի առարկայից դուրս այլ հարցերի վերաբերյալ համաձայնության են գալիս, իսկ այդ համաձայնությունը կարող է ապագայում կանխել նոր վեճերը: Փոփոխությամբ հնարավորություն է տրվում, որ դատարանը, հաստատելով հաշտության համաձայնությունը, լուծի կողմերի միջև ապագայում առաջացող հնարավոր վեճերը, և կողմերը ստիպված չեն լինի այդ հարցերով կրկին հաշտարարություն իրականացնելու կամ դատարան դիմելու:

Ներկայումս հաշտության համաձայնությունը 6 ամսվա ընթացքում է ուղարկվում դատարան հաստատման, որ պարտադիր բնույթ կրի: Առաջարկվում է 6 ամսվա ժամկետը դարձնել 1 տարի:

Մեկ այլ առաջարկով հնարավորություն է տրվում օտարերկրյա անձանց մասնակցությամբ հաշտարարությունն իրականացնել Հայաստանում: Ներկա կարգավորումներով կողմը Հայաստանում բնակության վայր ունենալու դեպքում կարող է դիմել դատարան: Օտարերկրյա մասնակցությամբ հաշտարարության համաձայնությունը կհաստատի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: