Ryanair ավիաընկերությունը կռվարար ուղևորներին չվերթներից կվռնդի և 500 եվրոյով կտուգանի

Իռլանդական Ryanair ավիաընկերությունում հինգշաբթի հայտարարել են, որ այսուհետև 500 եվրոյով կտուգանեն «անկանոն վարքագծի» հետևանքով չվերթից հեռացված ուղևորներին, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
Եվրոպայի՝ ուղևորների թվով խոշորագույն ավիաընկերությունում ավելի վաղ ուշադրություն էին հրավիրել ուշացած չվերթներին սպասելիս չափազանց շատ ալկոհոլ օգտագործած ուղևորների «անկարգ» վարքագծի վրա։
«Ryanair-ը իր ուղևորների և անձնակազմի շահերից ելնելով ձգտում է պայքարել ուղևորների անկարգ վարքագծի դեմ և կշարունակի հետապնդել խախտողներին պատճառված վնասի համար, սակայն, որպես նվազագույն տուգանք, նման ուղևորներն այսուհետև կտուգանվեն 500 եվրոյով», -ասված է Ryanair-ի հայտարարության մեջ։
Ավիաընկերության մամուլի խոսնակը հավելել է, որ տուգանքը «կկիրառվի բոլոր այն ուղևորների նկատմամբ, որոնք ինքնաթիռից հեռացվել են իրենց անպատշաճ վարքագծի հետևանքով»։ Հունվարին Ryanair-ը հայտարարել էր, որ անցյալ տարի Դուբլինից դեպի Իսպանիայի Կանարյան կղզիներ Լանսարոտե չվերթի ժամանակ «անհանգիստ ուղևորի» պատճառով 15 հազար 350 եվրոյի վնաս է կրել։
Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել պորտուգալական Պորտո քաղաքում, որտեղ ուղևորը ձերբակալվել է, իսկ ինքնաթիռում գտնվող ավելի քան 160 ուղևորներին տրամադրվել է գիշերակաց և սնունդ։
Ryanair ավիաընկերությունում հայտարարել են, որ բախվել է այլ ծախսերի, ներառյալ՝ լրացուցիչ վառելիքի և անձնակազմի կարիքների համար։ Ryanair-ը քաղաքացիական հայց է ներկայացրել ուղևորի դեմ Իռլանդիայում՝ ավիաընկերության ծախսերը հետ ստանալու համար։
Միաժամանակ, ավիաընկերությունը Եվրամիությանը կոչ է արել օդանավակայաններում սահմանափակել ալկոհոլի վաճառքը։ Մարտի վերջի դրությամբ, Ryanair-ն իր վերջին ֆինանսական տարում տեղափոխել է ավելի քան 200 միլիոն ուղևորի։ Կանխատեսվում է, որ մինչև 2034 թվականը այդ թիվը կհասնի 300 միլիոնի։