Իրանի զինանոցում կա կարևոր ռազմավարական գործիք՝ Հորմուզի նեղուցը, որի փակումը կհանգեցնի նավթային ճգնաժամի. Վահե Դավթյան

Իրանի զինանոցում կա մի կարևոր ռազմավարական գործիք՝ Հորմուզի նեղուցը: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։
Մեկ անգամ չէ, որ Թեհրանը սպառնացել է փակել ջրանցքը՝ Իրանի դեմ միջազգային ճնշումների ավելացման պարագայում:
Դա կարող է հանգեցնել համաշխարհային նավթային ճգնաժամի, ինչից հատկապես կտուժի աշխարհի գլխավոր նավթ ներկրողը՝ Միացյալ Նահանգները: Թրամփի ադմինիստրացիայի համար սա հատկապես ռիսկոգեն է՝ հաշվի առնելով նրա լեգիտիմության սրընթաց անկումն ու ներքին լարվածության աճը:
Հորմուզի կշիռը համաշխարհային նավթի ծովային արտահանման կառուցվածքում կազմում է մոտ 30%:
Ավելին՝ այստեղով է արտահանվում Պարսից ծոցում արդյունահանված նավթի 90%-ը:
Համաշխարհայն տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող այս հաղորդակցության պարալիզացման դեպքում նավթի գները կարող են հասնել 300-350 ԱՄՆ դոլարի:
Ճիշտ է, Պարսից ծոցում Վաշինգտոնն ունի հակակշիռ՝ Բահրեյնից կառավարվող ԱՄՆ 5-րդ ռազմական նավատորմը, սակայն դրա գործարկումը կարող է էլ ավելի սրել իրավիճակը՝ պարալիզացնելով Ծոցի ամբողջ հաղորդակցային համակարգը: Մյուս կողմից, արդյո՞ք Իսրայելին աջակցող Վաշինգտոնը պատրաստ է ուղիղ ռազմական գործողությունների դիմել: Հարցը հռետորական է:
Ի դեպ, արդեն այսօր առավոտյան համաշխարհային շուկայում նավթի գները կտրուկ աճել են՝ գերազանցելով 75 ԱՄՆ դոլարը (Brent)։ Միտումը շարունակական է»: