Դեռ որոշ ժամանակ առաջ քննարկել ենք ռազմական էսկալացիայի բոլոր հնարավոր սցենարները. ունենք պլանավորում. Արմեն Գրիգորյան

Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումը վերջինիս տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն է, որը բացասական ազդեցություն է ունենալու տարածաշրջանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող APRI-2025 համաժողովում պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Իսրայելի և Իրանի միջև ռազմական էսկալացիային։
ԱԽ քարտուղարը, խոսելով այդ էսկալացիայի պայմաններում Հայաստանի վարքագծի մասին, նշել է, որ Երևանը, բնականաբար, դեռևս որոշ ժամանակ առաջ սկսել է նախապատրաստվել և քննարկել է բոլոր հնարավոր սցենարները։
«Քննարկել ենք ռազմական էսկալացիայի բոլոր հնարավոր սցենարները, որի համաձայն՝ նախապատրաստական աշխատանքներ ենք տարել, և դրանց շրջանակներում կատարել ենք նաև պլանավորում։ Ըստ սցենարների՝ մենք ունենք պլանավորում, որին համապատասխան էլ կշարժվենք»,-ընդգծել է Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ ցանկացած էսկալացիա տարածաշրջանում հանգեցնում է անկայունության և դրանում որևէ դրական բան չի կարող լինել։
«Սա Իրանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն է, որը, բնականաբար, բացասական ազդեցություն է ունենալու տարածաշրջանում։ Մենք հուսով ենք, որ հնարավոր կլինի հնարավորինս շուտ խաղաղ ճանապարհով կարգավորել այդ հարցերը»,-շեշտել է ԱԽ քարտուղարը։
Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ դատապարտելով Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումը և կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ու հետևել միջազգային իրավունքին։
Գիշերն Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի մայրաքաղաք Թեհրանին և նրա շրջակայքին, ինչպես նաև Իրանի այլ քաղաքներին։ Հարվածի թիրախ է դարձել նաև Նաթանզի միջուկային օբյեկետը։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր «Վեր հառնող առյուծ» գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է Իրանի միջուկային ծրագրի դեմ։ Հարվածների թիրախում են հայտնվել նաև բնակելի շենքեր։ Զոհվել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ և միջուկային ոլորտի մասնագետներ։ Իրանը խոստացել է վճռորոշ պատասխան տալ իսրայելական հարվածներին։