Ծորակից դեղին ջուր է գալիս, հիվանդանում ենք. շենգավիթցիները բողոքում են
Շենգավիթ վարչական շրջանի բնակիչները բողոքում են ջրի որակից։ բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Երկար ժամանակ է որ ունեն ջրի խնդիրը. «Ամեն տարի չգիտեմ ինչ-որ պատճառաբանություններ են բերում, ասում են՝ ջուրը պակաս է, ձեզ արտեզյան ջուր ենք տալիս, քանի որ ջուր չկա։ Մենք ամեն օր ստիպված գնում ենք, ուրիշ տեղից ջուր ենք բերում։
Մենք ջուր չունենք ընդհանրապես, օրվա մեջ 1-2 ժամ են տալիս, այն էլ շատ թույլ, պիտի նասոս միացնենք, որ ջուր լինի։ Բացի այդ, գալիս է դեղին գույնի ջուր ու ահավոր հոտով, որ ով էլ խմում է, հիվանդանում է։ Երեխաներ կան, որ փորլուծություն, սրտխառնոց ունեն։
Մենք մեծ ենք, հասկանում ենք, որ այդ ջուրը օգտագործման ենթակա չի, իսկ փոքր երեխային ամեն վայրկյան չես կարող հսկել, որ ինքը ծորակի ջրից չօգտվի։ Արդեն 6-7 տարի է, այս վիճակն է, ու ոչ մեկ ոչ մի հարցի լուծում չի տալիս»։
Բնակիչներից մեկը տնից բերեց ծորակից լցված ջուրը եւ ասաց,որ եւ հոտ է գալիս եւ տհաճ համ ունի, խմելու ենթակա չէ։
«Ճաշ, որ եփում ենք, փրփրակալում է, կարծես թունավորված լինի ջուրը։ հայտ ենք ներկայացրել, բողոքել ենք «Վեոլիա ջուր», անցած տարի նույն վիճակն էր, մեզ ասեցին՝ մինչև օգոստոսի վերջ այս վիճակն է լինելու, քանի որ ջուրը քիչ է, պակասում է, ձեզ դրա հետ միասին տալիս են արտեզյան ջուր։ Բայց այդպես չի, ոնց որ ավելի շատ ճահիճի ջուր են տալիս մեզ, քան արտեզյան ջուր»,–ասացին նրանք։
Աղբյուրը՝ news.am