«Արթիկում տեղի ունեցած պտտահողմից հետո այսօր ճանապարհներն ամբողջությամբ մաքրվել են». համայնքապետարանի աշխատակից

«Արթիկում տեղի ունեցած պտտահողմից հետո այսօր ճանապարհներն ամբողջությամբ մաքրվել են». համայնքապետարանի աշխատակից

«Արթիկում տեղի ունեցած պտտահողմից հետո այսօր ճանապարհները մաքրվել են, երթևեկելի հատվածում որևէ ծառ  չկա ընկած»։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, NEWS.am–ին հայտնեցին Արթիկի համայնքապետարանից։

«Հունիսի 14-ին համայնքի ղեկավարի հանձնարարականով ձևավորվել է աշխատանքային հանձնաժողով, որն ուսումնասիրում է ուժեղ պտտահողմի նախնական վնասները։ Ամսի 14-ին է՛լ, երեկ է՛լ համայնքապետը շրջայցեր է իրականացրել համայնքում։ Երկու օրն էլ մինչև ուշ երեկո աշխատել ենք»։

Համայնքապետարանից հայտնեցին, որ վնասի իրական չափի մասին դեռևս ոչինչ ասել չեն կարող. վնասի չափը պարզ կլինի հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո։

Պատասխանելով հարցին՝ վնասների փոխհատուցման մասին որևէ բան հայտնի՞ է. համայնքապետարանից ասացին.

«Մենք ընդամնեը գույքագրումն ենք կատարում. տվյալները կներկայացնենք Շիրակի մարզպետարանին և կառավարությանը, տեսնենք՝ իրենք ինչ որոշում կկայացնեն»։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ի երեկոյան Արթիկ համայնքում տեղի ունեցած ուժեղ քամու և պտտահողմի հետևանքով Արթիկ քաղաքում, Մեծ Մանթաշ, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։