Տարբեր զարգացումներ են հնարավոր. նախարարը` Իրան–Իսրայել հակամարտության ազդեցության մասին

ՀՀ տնտեսության վրա հարևան Իրանում ստեղծված իրավիճակի հնարավոր ազդեցության մասին կառավարությունում որոշակի դատողություններ կան։ Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Իհարկե, դատողություններ կան այդ ուղղությամբ, տարբեր զարգացումներ հնարավոր են»,– ասաց Վահե Դավթյանը։
Նա նշեց, որ հնարավոր այդ զարգացումներն ու ռիսկերը հունիսի 5-ին կառավարության նիստում հաստատված Միջնաժամկետ ծախսային ծրագրում (ՄԺԾԾ) արտացոլված չեն։ Փոխարենը, ըստ նրա, փաստաթուղթն ունի հնարավոր ռիսկերին վերաբերող հատված, որում հաշվարկված են տարբեր ռիսկային սցենարներ։
«Դրանցից մեկով տնտեսական աճը 5.1–ի փոխարեն կարող է լինել 1.3 տոկոս։ Իսկ ինչ վերաբերում է Իրանի և Իսրայելի միջև սրացմանը, էլի կան երևույթներ, որոնք բացասաբար կարող են ազդել մեզ վրա, կան երևույթներ, որոնք կարող են դրական ազդել մեզ վրա։ Շատ բան կախված է սրացման աստիճանից և տևողությունից»,– ասաց Հովհաննիսյանը։
Որպես հնարավոր բացասական ազդեցություն, ֆինանսների նախարարը նշեց Իրանից ՀՀ մատակարարումների խաթարումները և որպես հետևանք` իրանական արտադրության ապրանքների թանկացումը։ Չբացառեց նաև, որ հակամարտության սրման հետևանքով միջազգային ներդրողները Հայաստանը ևս սկսեն դիտարկել որպես ռիսկային միջավայր, ինչն իր հերթին կազդի Հայաստանին ուղղվող գումարների տոկոսադրույքների վրա։
«Մենք պետք է հետևենք զարգացումներին և հընթացս հասկանանք` ինչ պետք է անենք ազդեցությունները մեղմելու համար»,– ասաց Հովհաննիսյանը։
Նախարարը հիշեցրեց, որ 2022թ–ին ռուս–ուկրաինական կոնֆլիկտի մեկնարկին ևս կառավարությունը սկսեց դիտարկել հնարավոր ռիսկային սցենարներ, բայց իրականում զարգացումները ՀՀ տնտեսության համար դրական եղան։
Աղբյուրը՝ arm.sputniknews.ru