Ռուսաստանը հույս ունի, որ Բոլիվիան կհաստատի լիթիումի արդյունահանման պայմանագիրը

Ռուսաստանը հույս ունի, որ Բոլիվիայի խորհրդարանը կհաստատի լիթիումի արդյունահանման պայմանագիրը։ Այդ նախագիծը կարևոր է երկրի ապագայի համար՝ անկախ նրանից, թե որ կառավարությունն է իշխանավարում երկրում։ Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, այդ մասին հայտնել է Բոլիվիայում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Վերչենկոն։
«Լիթիումի համագործակցության նախագիծը ռուս-բոլիվիական ներկայիս տնտեսական հարաբերությունների կարևորագույն ակտիվներից է։ Այս նախագիծը ռազմավարական բնույթ է կրում և նպատակ ունի Բոլիվիայում լիթիումի արդյունաբերության ոլորտում ստեղծել աշխատատեղեր և ամրապնդել Պոտոսի շրջանի տնտեսական ներուժը, որտեղ գտնվում են լիթիումով հարուստ աղուտներ»,- ասել է Վերչենկոն։
Ռուսական կողմն առաջարկում է լիթիումի ուղղակի արդյունահանման ժամանակակից տեխնոլոգիա, որը երաշխավորում է լիթիումի արդյունավետ արդյունահանումը՝ շրջակա միջավայրի վրա նվազագույն ազդեցությամբ: Այդ տեխնոլոգիան կախված չէ եղանակային պայմաններից և չի օգտագործում ագրեսիվ ռեակտիվներ, ինչը այն դարձնում է շրջակա միջավայրի համար չեզոք:
2024 թվականի սեպտեմբերի 11-ին Բոլիվիայի կառավարությունը պայմանագիր է կնքել ռուսական «Ռոսատոմ»-ի դուստր ձեռնարկության «Uranium One Group»-ի հետ՝ տարեկան 14,000 տոննա հզորությամբ լիթիումի կարբոնատային գործարան կառուցելու համար՝ 970 միլիոն դոլարի ներդրումով: Պայմանագիրը ներկայումս քննարկվում է խորհրդարանի կողմից: