Քարագլուխ բնակավայրում քննարկվել են բնակիչների խնդիրները

Քարագլուխ բնակավայրում քննարկվել են բնակիչների խնդիրները
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի գլխավորած աշխատանքային խմբի այցելությունները բնակավայրեր շարունակվում են․ այս անգամ ուսումնասիրության կենտրոնում էին Եղեգիս համայնքի Քարագլուխ բնակավայրի խնդիրներն ու բնակիչներին հուզող հարցերը։ Մարզպետ Կոլյա Միքաելյանը նախ այցելել է մի շարք բնակիչների տներ, զրուցել նրանց հետ առօրյա խնդիրների, հիմնական զբաղվածության, գյուղատնտեսական արտադրանքի իրացման մասին։ Այնուհետև Քարագլխի մարզամշակութային կենտրոնի դահլիճում մարզպետը, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները, Եղեգիս համայնքի ներկայացուցիչները հանդիպում ունեցան բնակիչների հետ։
Մարզպետ Կոլյա Միքաելյանը ողջունելով ներկաներին նշել է, որ այցի նպատակն է բնակավայրում առկա խնդիրներին տեղում ծանոթանալը և ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի մասին բնակչությանն իրազեկելը։
Մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչությունների ղեկավարները ներկայացրել են գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերը, սուբվենցիոն ծրագերի շրջանակներում կատարված աշխատանքները, քաղաքաշինական ծրագրերը, այդ թվում շինությունների կառուցման ընթացակարգերը։ Անդրադարձ են կատարել նաև առողջապահական և սոցիալական բնույթի մի շարք հարցերի, կրթության ոլորտի բարեփոխումներին, դպրոցաշինությանը, ՏԻՄ ոլորտին վերաբերող մի շարք գործընթացներին, մասնավորապես վարչական ղեկավարի, ավագանու անդամի, բնակչի կապի ամրապնդման հարցերին:
Բնակիչները հարցեր են ուղղել այգիների ոռոգման, գյուղմթերքի իրացման, ներբնակավայրային ճանապարհների բարեկարգման, մշակույթի տուն կառուցելու կամ վերակառուցելու վերաբերյալ։
Ամփոփելով հանդիպումը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը նշել է, որ բարձրացված հարցերն արձանագրվել են և մարզպետի աշխատակազմի իրավասությունների շրջանակներում հնարավորինս կստանան համապատասխան լուծումներ։