Ապացուցել ենք, որ երբեք չենք շեղվի մեր կարմիր գծերից. Իրանի դեսպան

Մենք շատ հստակ և կոնկրետ հետևում ենք այն իրադարձություններին և զարգացումներին, որոնք տեղի են ունենում տարածաշրջանում: Այդ մասին ասուլիսին ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ Ադրբեջանը օգտվի ստեղծված իրավիճակից և հարձակում գործի Սյունիքի վրա:
«Մենք խորհրդակցում ենք և կապ ունենք տարածաշրջանի երկրների հետ, ներկայացնում ենք մեր մտահոգությունները: Մեր կարմիր գծերը հստակ են, և ապացուցել ենք, որ երբեք չենք շեղվի այդ կարմիր գծերից: Իհարկե, մենք հավանականությունների աշխարհում ենք ապրում, և որոշ հավանականություններ կարող են մտահոգիչ լինել: Սակայն մենք իրողությունների և փաստերի հետ ենք առնչվում: Մենք պահպանում ենք մեր զգոնությունը: Ես կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունը ևս հետևում է զարգացումներին: Մենք շատ սերտ և մոտ կապեր ունենք Կառավարության հետ և անընդհատ ՀՀ կառավարության հետ խորհրդակցություններ ենք անցկացնում: Երկրների՝ այսօր ցուցաբերած վարքագիծը հետագայում նաև կազդի մեր և նրանց հարաբերությունների վրա: Բարեկամին և թշնամուն ճանաչում են ծանր վիճակներում»,- նշեց դեսպան Սոբհանին:
Հայաստանում Իրանի դեսպանը, պատասխանելով Սյունիքում հնարավոր ադրբեջանական ագրեսիայի մասին հարցին, ասաց՝ չեն կարող միայն մամուլի հրապարակումների հիման վրա կարծիք հայտնել։ Արձագանքելով Իսրայելի և Իրանի միջև այս պատերազմում Ադրբեջանի հնարավոր ներգրավվածության վերաբերյալ հարցին՝ դեսպանն ասաց, թե նման տեղեկություն չունեն. «Հավաստի փաստեր պետք է լինեն»: