Իսրայելի հարվածներից Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտը վնասներ է կրել. ԱԷՄԳ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հայտարարել է, որ իր դիտարկմամբ՝ Նաթանզի ուրանի հարստացման օբյեկտին հունիսի 13-ին հասցված իսրայելական ավիահարվածները ուղղակիորեն դիպել են օբյեկտի ստորգետնյա ցենտրիֆուգների սրահներին։ ԱԷՄԳ-ն նման հաղորդագրություն է տարածել X սոցիալական հարթակում։
«Հիմնվելով ուրբաթ օրվա հարձակումներից հետո հավաքված բարձր լուծաչափի արբանյակային պատկերների շարունակական վերլուծության վրա՝ ԱԷՄԳ-ն հայտնաբերել է լրացուցիչ տարրեր, որոնք ցույց են տալիս ուղղակի ազդեցությունները Նաթանզի ստորգետնյա հարստացման սրահների վրա», - նշված է հաղորդագրության մեջ:
Գործակալությունը հավելել է, որ Սպահանի և Ֆորդոյի միջուկային օբյեկտներում որևէ փոփոխություն չկա:
The Associated Press-ը հիշեցնում է, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Նաթանզում ոչնչացվել է վերգետնյա հարստացման սրահներից մեկը, ինչպես նաև օբյեկտն էլեկտրականությամբ ապահովող էլեկտրական սարքավորումները։