Հաշվեքննիչ պալատի եզրահանգումը ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ դրական է

Հաշվեքննիչ պալատը դրական եզրահանգում է տվել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ: Ազգային ժողովում ներկայացնելով Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը՝ ասել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը:
Ըստ նրա, «2024 թվականի պետական բյուջեի հաշվեքննության վերջնարդյունքում արձանագրվել է 83 անհամապատասխանություն և 6 խեղաթյուրում, որոնք չեն ազդել հաշվեքննության կարծիքի վրա, քանի որ հանրագումարով կազմել են հաշվեքննության ենթարկված ծախսերի 0,11 տոկոսը կամ բացարձակ մեծությամբ՝ 3,1 միլիարդ դրամ, ինչն էականորեն ցածր է էականության շեմից»։
Ջանջուղազյանի խոսքով՝ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը՝ բոլոր էական առումներով տալիս է ճշմարիտ և իրական պատկերը՝ կիրառելի հիմունքների համաձայն։ «Ըստ այդմ՝ Հաշվեքննիչ պալատը Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ արտահայտում է դրական եզրահանգում»,-եզրափակեց Հաշվեքննիչ պալատի նախագահը։