ԱԺ–ում արդեն կա ՀԷՑ–ն ազգայնացնելու օրենքի նախագիծ. Փաշինյան

ԱԺ–ում արդեն կա ՀԷՑ–ն ազգայնացնելու օրենքի նախագիծ. Փաշինյան

Հայաստանում կա իրավակարգ եւ դրա շրջանակներում կարծում եմ՝ ամենաարագ ու արդյունավետ գործելու տեղը Ազգային ժողովն է.մեր մասնագետները քննարկում են, ԱԺ–ում արդեն կա նախագիծ, որտեղ ձեր բոլոր հարցերի պատասխանը տրվում է. ՀԷՑ–ն ազգայնացնելու օրենքի նախագիծ և կից օրենքներում փոփոխությունների նախագիծ։ Այս մասին այսօր՝ հունիսի 18–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ գործողություններ է անելու Սամվել Կարապետյանի նկատմամբ եւ ինչպես է վեհարանից դուրս բերելու կաթողիկոսին։

«Քրեական վարույթները դրա հետ այս տրամաբանությամբ կապ չունեն։ Կապ կստեղծվի, թե ոչ, դա արդեն ուրիշ խնդիր է»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ «Տաշիր գրուպ»–ի սեփականատեր Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ իր ձեւերով կմիջամտի եւ գործունեություն կծավալի, Փաշինյանն ասաց. «ՀՀ–ում քաղաքական գործունեություն կարող է ծավալել յուրաքանչյուր անձ, բայց երբ մի կողմում դրվում է քաղաքական գործունեությունը, մյուս կողմում դրվում է իր ձեւով մասնակցությունը, ՀՀ–ն կկասեցնի ցանկացածի իր ձեւով որեւէ հարց լուծելը»։

Դիտարկմանը, որ գուցե «իր ձեւով հարցեր լուծելը»–ը եկեղեցում մոմ վառելն է, վարչապետն արձագանքեց. «Ես կարծում եմ՝ քննչական մարմինները կտան համապատասխան գնահատականներ։ Իսկ մոմ վառելու հետ կապված, կարծում եմ՝ կարող է իր ձեւով հարցերը լուծելումասին հայտարարություն անողը կարող է այդ մասին  ցուցմունքներ տալ, փորձաքննություններ ներկայացնել։ Այդ ժամանակ կպարզենք»։

Հարցին՝ այս ամենի մեջ աշխարհաքաղաքական հետք տեսնո՞ւմ է, Փաշինյանը փիլիսոփայորեն աասաց. «Աշխարհաքաղաքականությունը շատ բարդ բան է, ամեն ինչի մեջ էլ կարելի է աշխարհաքաղաքականություն տեսնես։ Նայած ինքան նայես եւ ինչքան հեռավորությունից»։