Սևանից սիգի որսի թույլտվության համար դիմել մինչև հունիսի 25-ը

2026 թվականից կբարձրացվի Սևանա լճից ձուկ բռնողների բնօգտագործման վճարը, այն 65 դրամի փոխարեն կկազմի 200 դրամ: Շրջակա միջավայրի նախարարությունում նկատել են, որ լճի՝ առանց արհեստական կերի ու հավելումների աճող բնական սիգի գինը անտրամաբանական ցածր է ջրավազաններում բուծվող իշխանի համեմատ:
Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս իրականացնել ցանկացող իրավաբանական անձինք կարող են մինչև հունիսի 25-ը ներառյալ պայմանագիր կնքելու մասին հայտերը ներկայացնել Շրջակա միջավայրի նախարարություն։
Սևանա լճում արդյունագործական նպատակներով ձկան և խեցգետնի որսի իրականացման պայմանագրերի և դիմումի ձևը տրամադրում է ՇՄՆ-ն։
Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ է սահմանվել պայմանագրերի կնքման օրվանից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը։
Ներկայացվել են 2025 թվականի ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, ինչպես նաև արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության «2025 թվականի ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները սահմանելու մասին» որոշման նախագծով սահմանված կարգավորումները՝ նախատեսվում է 2025 թվականի ընթացքում Սևանա լճում իրականացնել 189 տոննա սիգ ձկնատեսակի արդյունագործական որս:
2025 թվականի համար Սևանա լճում խեցգետնի և այլ ձկնատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել: Սիգի որսն իրականացվում է Սևանա լճի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մ հեռավորության վրա։
Արգելվում է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր)։