Կիվին դառնում է Տավուշի բրենդը. 6 հա այգի է տնկվել

2011-12թթ տվյալներով Տավուշի մարզի 25 495 հա վարելահողից 7 210 հա սահմանամերձ վարելահողը չի մշակվում, չի օգտագործվում նաև սահմանամերձ 11 000 հա արոտավայր: Այս մասին տեղեկացրեց ՀՀ տավուշի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը:
Նա գյուղատնտեսական տարին մարզում բարեբեր գնահատեց, սակայն կարկուտի, երաշտի դեպքում մարզում գյուղխնդիրները չբացառեց:
«Տավուշի մարզում լավ բերք է սպասվում. Այս տարի՝ նախորդ տարվա համեմատ ավելացել են նորատունկ այգիների տարածքները, հիմնվել են նաև ինտենսիվ այգիներ, կան այգիներ էլ, որ այս տարի են բերքի նստել. Լավ տարի է»,- ասաց նա և հավելեց, որ մարզում ավելացել են հատկապես թզի, արքայախնձորի այգիները, համապատասխանաբար ավելացել է նաև արտահանումը:
Նա հատկապես շեշտեց Չինարի-Այգեձոր հատվածում նորատունկ այգիների մասին և նշեց, որ Ռուսաստանից վերադարձած տեղի հայ գործարարներն են հիմնել:
Վ. Սուքոյանն առանձնացրեց նաև Աչաջուր գյուղում հիմնված կիվիի մոտ 6 հա այգին և ընդգծեց, որ տարեց տարի կիվիի, թզի, արքայանարինջի այգիներն ընդարձակվում են. Վերջին մեկ-երկու տարում տնկվել է մոտ 160 հա այգի:
«Տավուշի մարզի մի քանի գյուղերում Հովնանյան հիմնադրամի ֆինանսավորմամբ արդիականցվում է ոռոգման ցանցը, որն իր հերթին կբարելավի ոռոգումը և կնպաստի այգիների տարածքների ավելացմանը»,- վստահ է Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը:
Մրգի արտահանման համար նա առանձնապես մտահոգված չէր, քանի որ փոքր լոգիստիկ կենտրոն է ստեղծվել մարզում, որն է համակարգում է լոգիստիկ հարցերը:
Վ. Սուքոյանը նշեց, որ տարեկան արտադրվում է շուրջ 11-12 հազար տոննա խաղող, որից 7 500 տոննա վերամշակողներն են մթերում:
«Հույս կա, որ այս տարի արտահանումը կաճի, սակայն դա որոշ գործոններից է կախված»,-ասաց նա և տեղեկացրեց, որ բոլորովին վերջերս կակտահարվել էր Ակնաղբյուր, Դիտավան, նաև Չինչին գյուղերը:
Ըստ նրա, համայնքային հանձնաժողովները գնահատում են և վնասը, որից հետո կներկայացնեն մարզային հանձանաժողով, վնասների վերաբերյալ կտեղեկացնեն նաև՝ ԱԻՆ-ին:
Մարզում, ըստ նրա, հաշվառել են 33 797 գլուխ խոշոր եղջերավոր, 16 հազար մեղվաընտանիք, մոտ 15 հազար գլուխ խոզ:
Ինչ վերաբերում է ժամանակ առ ժամանակ գյուղերում արձանագրվող խոզերի անկումներին, ասաց, որ այս տարի վիճակը հանդարտ է, և խոզաբուծությամբ զբաղվողներից ահազանգեր չեն եղել:
Նշենք, որ 2021թ-ին Տավուշի մարզից արտահանվել է 1 670 տոննա պտուղ. դեղձ, թուզ, արքայանարինջ, իսկ 2020թ-ին, ընդհանուր առմամբ՝ 1 550 տոննա: