Իրանի ԱԷԿ-ին հասցված հարվածն ավելի շատ աղտոտում կառաջացնի, քան միջուկային ռումբի պայթյունը

Իրանական «Բուշեր» ԱԷԿ-ին հասցված հարվածը կարող է հանգեցնել լուրջ ռադիոակտիվ աղտոտման, որը ավելին է, քան միջուկային պայթյունի հետևանքները, սակայն ռեակտորն ինքնին չի կարող պայթել: Այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Միխայիլ Չուդակովը։
«Կայանները պաշտպանված չեն ռազմական գործողություններից։ Ժամանակակից հրթիռները կարող են թափանցել ռեակտորի հերմետիկ թաղանթը։ Ատոմակայանին հասցված հարվածը կհանգեցնի տարածքի աղտոտման, բայց ոչ միջուկային պայթյունի։ Նախագծերը բացառում են ռեակտիվության հետ կապված միջադեպերը։ Վերջին նման դեպքը Չեռնոբիլում էր։ Կայանը ատոմային ռումբի նման չի կարող պայթել, բայց հնարավոր աղտոտվածությունը կարող է նույնիսկ ավելի մեծ լինել, քան միջուկային պայթյունի դեպքում», - նշել է պաշտոնյան։
Նա պարզաբանել է, որ ռեակտորի հերմետիկ թաղանթը նախատեսված է ներքին վթարներից պաշտպանվելու և վառելիքի հալվելու դեպքում արտահոսքերը կանխելու համար: Սակայն ռազմական հարվածներից այն չի պաշտպանում։ Դա, Չուդակովի խոսքով, ատոմային էներգիայի փոքրաթիվ, բայց լուրջ թերություններից մեկն է։
Չուդակովը նաև հիշեցրել է, որ «Բուշեր» ատոմակայանն արդեն հարձակման էր ենթարկվել իրանա-իրաքյան պատերազմի ընթացքում: Այն ժամանակ հրթիռը խոցել էր ռեակտորի պատյանը, սակայն ներսում վառելիք չկար. շինարարությունը դեռ չէր ավարտվել, կապալառու գերմանական ընկերությունը դադարեցրել էր աշխատանքները: Հետագայում Ռուսաստանը ավարտեց կայանի շինարարությունը՝ սարքավորումները հարմարեցնելով արդեն գոյություն ունեցող կառույցներին։