Մեկնարկել են Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի աշխատանքային հանդիպումները բնակիչների հետ

Մեկնարկել են  Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի  աշխատանքային հանդիպումները բնակիչների հետ
Սույն թվականի հունիսի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի գլխավորած աշխատանքային խումբը հանդիպումներ ունեցավ Վարդահովիտ և Սալլի բնակավայրերի բնակիչների հետ:
Առաջին հանդիպումը Վարդահովիտ բնակավայրի դպրոցի դահլիճում էր տեղի բնակիչների հետ, որտեղ ողջունելով ներկաներին՝ մարզպետ Կոլյա Միքաելյանը կարևորել է նման հանդիպումները և նշել, որ այսպիսի այցերի նպատակն է բնակավայրում առկա խնդիրներին տեղում ծանոթանալը և ՀՀ կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերից օգտվելու մասին բնակչությանն իրազեկելը, ինչպես նաև ներկայացրել է Վարդահովիտ բնակավայրում պետության կողմից աջակցության ծրագրերով արդեն իսկ կատարված և նախատեսվող ծրագրերը:
Խոսքով հանդես է եկել Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը՝ ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերը, մասնավորապես խոսվել է խելացի անասնաշենքերի, գյուղատնտեսության ոլորտի հետ կապված լիզինգի և ապահովագրության մասին:
Հանդիպման ընթացքում հնչել են հարցեր արջի հասցրած վնասների փոխհատուցման, բուժկետում բուժքույր չունենալու վերաբերյալ:
Ամփոփելով հանդիպումը Վարդահովիտում ՝ մարզպետ Կոլյա Միքաելյանը ներկայացրել է առողջապահության և կրթության ոլորտում իրականացված աշխատանքները: Մարզպետը շեշտել է Վարդահովիտի բնակլիմայական բարենպաստ պայմանները՝ որպես տուրիզմի զարգացման նախադրյալ:
Հաջորդ կանգառը Սալլի բնակավայրն էր, որտեղ հանդիպումը բնակիչների հետ տեղի ունեցավ վարչական ղեկավարի նստավայրի դահլիճում: Այստեղ խոսքով հանդես եկավ մարզպետ Կոլյա Միքաելյանը: Մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչությունների ղեկավարները ներկայացրել են գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերը, սուբվենցիոն ծրագերի շրջանակներում կատարված աշխատանքները, ՏԻՄ ոլորտին վերաբերող մի շարք գործընթացներ:
Բնակիչները հարցեր են ուղղել արջի հասցրած վնասների փոխհատուցման, հանդամիջյան ճանապարհների բարեկարգման, էլեկտրաէներգիայի տատանումների, թեքված հենասյուների վերաբերյալ:
Ամփոփելով հանդիպումը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը նշել է, որ բարձրացված հարցերն արձանագրվել են և մարզպետի աշխատակազմի իրավասությունների շրջանակներում հնարավորինս կստանան համապատասխան լուծումներ։