Ընտանիքում բռնություն գործադրած անձինք բրասելտներ կկրեն

Ընտանիքում բռնություն գործադրած անձինք բրասելտներ կկրեն

Կառավարությունը հավանություն տվեց  «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում  փոփոխությունների նախագծին։

Հիմնավորման մեջ նշվում է, որ ըստ այս օրենքի  ընտանիքում բռնության դեպքում ոստիկանության իրավասու ծառայողն անհապաղ կայացնում է անհետաձգելի միջամտության որոշում: Դա ենթադրում է նաեւ ենթադրյալ բռնություն գործադրած անձին անհապաղ հեռացնել ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածի բնակության տարածքից և արգելել այդտեղ նրա վերադարձը մինչև որոշմամբ սահմանված ժամկետի լրանալը։

Վերը նշված որոշումների կատարման նկատմամբ ոստիկանության կողմից հսկողությունը առավել արդյունավետ իրականացնելու նպատակով ուսումնասիրվել է միջազգային փորձն այս ոլորտում, և պարզվել է, որ մի շարք երկրներում գործում է էլեկտրոնային (GPS տեղորոշման համակարգով) հսկողության միջոցների (բրասլետների, ձեռնաշղթաների) կիրառման  պրակտիկան:

Նշվածով պայմանավորված՝ օրենքում լրացում է կատարվել, որը նախատեսում է, որ ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ հնարավոր է լինելու կիրառել էլեկտրոնային հսկողության միջոցներ։

Բացի այդ նախատեսվում է պատասխանատվություն սահմանել էլեկտրոնային հսկողության միջոց կրելուց խուսափելու կամ հրաժարվելու համար։

Նախատեսվում է, որ այս փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2026թ․ մարտի 1-ից։