Անապահով անձանց աշխատանքի ընդունած գործատուները կստանան ամսական 73 հազար դրամ աջակցություն

Կառավարության որոշմամբ, Հայաստանում մի շարք ոլորտներում գործունեություն ծավալող գործատուները պետությունից կստանան ամսական 73 հազար դրամ աջակցություն, եթե աշխատանքի տեղավորեն անապահով անձանց։
Սրանով գործադիրը մտադիր է նպաստել ՀՀ անապահովության գնահատման նոր համակարգով ծայրահեղ և չափավոր անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացմանը, եկամուտների ավելացմանը և զբաղվածության ապահովմանն ու խթանմանը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը ասաց, որ աշխատանքի տեղավորման համար աջակցություն կստանան այն գործատուները, որոնք գործունեություն են ծավալում քաղաքաշինության և ենթակառուցվածքների պահպանման, այդ թվում` դպրոց, մանկապարտեզ, բժշկական հաստատություն, համայնքային և միջհամայնքային ճանապարհներ, գյուղատնտեսության, անտառային տնտեսության, զբոսաշրջության և մի շարք այլ բնագավառներում։ Նրանք պետք է այս ոլորտներում գործած լինեն առնվազն երեք տարի ու ունեն տարեկան միջինում 10 աշխատող:
Ծրագրի տևողությունը 3–12 ամիս է, այդ գործատուներին պետությունը կաջակցի 73 հազար դրամի չափով (ամսական 21–օրյա աշխատանքի դեպքում)։
«Եթե գործատուն մեր կողմից անապահով ճանաչված շահառուի հետ կնքի աշխատանքային պայմանագիր, ապա մեկ մարդու աշխատանքի համար գործատուն կստանա մեկ օրվա համար 3 500 դրամի չափով գումար»,– հստակեցրեց փոխնախարարը։
Նա ավելացրեց, որ աջակցության այս ծրագրի առանձնահատկությունն այն է, որ նշված ոլորտների համար մասնագիտական հմտություններ և աշխատանք չի պահանջվելու։