Հայ-վրացական համատեղ ծրագրերի իրականացումը կօգնի առավել շահավետ դիրքերից հանդես գալ աշխարհում. Հնարավորությունները՝ փորձագետների աչքերով

Հայ-վրացական համատեղ ծրագրերի իրականացումը կօգնի առավել շահավետ դիրքերից հանդես գալ աշխարհում. Հնարավորությունները՝ փորձագետների աչքերով
«Տնտեսական լրագրողների ակումբը» Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ Երևանում անցկացրեց պանելային քննարկում «Հայ-վրացական այսօրվա տնտեսական օրակարգը» և «Հայ-վրացական գիտական ու մշակութային կապերն ու տարածաշրջանային խնդիրները» թեմաներով։ Միջոցառումն իրականացվեց վրացի լրագրողների համար «Տնտեսական լրագրողների ակումբի» կազմակերպած մեդիատուրի շրջանակներում։
Հայաստանի Ներդրումային խորհրդի ավագ տնտեսագետ Դավիթ Աղաջանյանը  հիշեցնում է՝ Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հուլիսի 17-ին: 2024թ. հունվարի 26-ին Թբիլիսիում ստորագրվել է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համատեղ հռչակագիրը՝ որակապես նոր մակարդակի բարձրացնելով Հայաստան-Վրաստան հարաբերությունները։ Այս հարուստ պատմական անցյալով ու ողջ իրավապայմանագրային բազայով հանդերձ, կա կարծիք, որ հայ-վրացական հարաբերությունների ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում։
«Հայ-վրացական տնտեսական պոտենցիալը, եթե չասեմ՝ գրեթե չի օգտագործվում, ապա հանգիստ կարող ենք ասել, որ թերօգտագործված է», - հավելում է ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանը։ Նրա ղեկավարած կենտրոնը դեռ անցած տարի արված ուսումնասիրության արդյունքում եկել է այն եզրահանգման, որ կա ոչ միայն ներմուծման աճի, այլ նաև՝ արտահանման պոտենցիալ։
AHByFIkjVTFZkXouylnjjxcvplIKjmvHx5khiCnF.webp (673 KB)
Իսկ «բացը», թերևս, պայմանավորված է գործարար կապերի բացակայությամբ․ դրանք շատ ցածր մակարդակի վրա են։ «Հատկանշանական է, որ երբ խոսվում է հայկական արտահանման մասին, շատերը մտածում են հեռավոր երկրների՝ ԵՄ-ի, ԱՄԷ-ի, Չինաստանի մասին՝ անտեսելով ամենամերձավոր հարևանի շուկան», - նկատում է փորձագետը։
Այսպես, 2024թ-ին Հայաստանից Վրաստան ներմուծման ծավալը կազմել է 237 մլն դոլար: Մինչդեռ 2022թ-ին ցուցանիշը կազմում էր 614 մլն դոլար, դրա մեծ մասը վերաարտահանումն էր։ Մինչ այդ, Վրաստան ներմուծումը կազմում էր 344 մլն դոլար։ Ինչ վերաբերում է արտահանվող ապրանքներին, ապա առաջին տեղում պղինձն է, որը մեծամասամբ վերաարտահանվում է։ Երկրորդ հորիզոնականում թանկարժեք մետաղներն են (նույնպես վերաարտահանման գործարքի մասին է խոսքը)։ Մեծ բաժին են կազմում սիգարետները․ 2024 թվականին արտահանել ենք շուրջ 21,6 մլն դոլարի սիգարետ: Հաջորդ ամենամեծ խումբն ապակյա տարրաներն են մասնավորապես՝ շշերը: Հայկական գործարանները սպասարկում են Վրաստանի սննդի արդյունաբերությանը։
Անցյած տարի Հայաստանը Վրաստանից ներմուծել է 162 մլն դոլարի ապրանք, ինչն ակնհայտ աճ է նախորդ 3 տարիների համեմատ։ Ու, թեև այս մասով կան դրական միտումներ, հիմնական ապրանքների կառուցվածքի առաջին հորիզոնականում տեսնում ենք խաղողի սպիրտը, որը հիմնականում վերաարտահանվում է։ Դրան հաջորդում է ջուրը:
Հատկանշանական է, որ եթե նախորդ տարիներին Հայաստանը Վրաստան էր  արտահանում էլեկտրաէներգիա, ապա 2024-ին ՀՀ  այդ երկրից ներկրվել է շուրջ 8,9 մլն դոլարի էլեկտրաէներգիա՝ սեզոնային պահանջարկի բացը լրանելու նպատակով։
Ինչ վերաբերում է ծառայությունների արտահանմանը և ներմուծմանը, ապա այդ մասով դժվար է դատողություններ անել, քանի որ, երկուստեք բացակայում է դրա վերաբերյալ տեղեկատվությունը։ Բայց, անզեն աչքով տեսանելի է վրացական կողմի ծառայությունների արտահանումը, քանի որ հայկական կողմն օգտվում է վրացական ենթկառուցվածքներից, տրանսպորտային ընկերություններից։
Ֆանյանի խոսքով, իրականում Հայաստանն ու Վրաստանը պետք է դիտարկվեն որպես մեկ միասնական շուկա։ «Մենք ունենք ազատ առևտրի ռեժիմ Վրաստանի հետ, այսնինքն՝ առանց մաքսատուրք առևտուր անելու հնարավորություն, կան լոգիստիկ հնարավորություններ և չօգտագործել այս ներուժը երկու երկրների տնտեսվարողների համար, աններելի շքեղություն է», - ասում է նա։
 
mYkvJOc4QVMI7mIrF6T8dhkIRd5WESeqfarxi4t7.webp (699 KB)
Investor.ge-ի լրագրող Լանա Կոկայան համամիտ է՝ կա երկու երկրների գործարարների փոխադարձ ճանաչողության պակաս։ Պետք է դադարել միմյանց դիտարկել միայն որպես տարանցիկ երկիր, այլ աշխատել համատեղ ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ, հավելում է ՝ Formula TV ներկայացուցիչ Աննա Ցխովրեբովա։ Մեկուսացված գործելաոճը և միմյանց չճանաչելը բերում է նոր վախերի՝ գտնում են Թինաթին Մոսիաշվիլին (Future Project) և Մամուկա Կուպարաձեն (Studiore.ge).
«Համատեղ ծրագրերի իրականացումը կօգնի մեզ առավել շահավետ դիրքերից հանդես գալ աշխարհում և բերել լուրջ տնտեսական կապերի ձևավորման», - նշում է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը։ Նրա խոքսով՝ հիմնադրամն ակտիվ աշխատում է վրացի գործընկերների հետ, քանի որ վերջիններս վրացական գինին աշխարհին ներկայացնելու, առաջ մղելու շատ մեծ փորձ ունեն, շատ լուրջ մարկետինգային ծրագրեր են իրականացնում։ «Շատ երկրներում հարց են տալիս՝ ինչո՞վ եք դուք իրարից տարբերվում, ի՞նչ կարող եք առաջարկել աշխարհին։ Կարծում եմ, եթե մենք կարողանանք համատեղ, որպես տարածաշրջան ներկայանալ աշխարհին, մեր ավանդույթներով, ոճային գինիներով, ապա կարող ենք ավելի լայն շրջանակներում ներկայացված լինել», - նշում է Մուրադյանը։ Վրացի գործընկերների հետ արդեն իսկ քննարկվում են համատեղ կոնֆերանսներ կազմակերպելու, փորձի փոխանակման հնարավորությունները։
PqDqrXLBczT2HuOMTTQyzeckvipcy93SZrxZ0y4W.webp (511 KB)
Համատեղ ծրագրերի իրականացումն, այդ թվում նաև երրորդ երկներին ընդհանուր տուրիստական փաթեթի առաջարկի տեսքով, հեռանկարային կարող է լինել նաև տուրիզմի ոլորտում, իր կողմից նկատում է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Յակոբ Վյոլենշտայնը։ Նրա կարծիքով, երկրներն ունեն ընդհանուր պատմություն, լավագույն գինին են արտադրում աշխարհում, ունեն գրեթե նույն քաղաքական հեռանկարները Եվրոպայում։
«Պետք է հրաժարվել «Միմինոյի սինդրոմից»՝ աննպատակ, անհեռանկար խոսակցություններից և բանավեճերից առ այն, որ այս կամ այն վանքն ո՞ւմ է պատկանում՝ վրացիներին, թե՞ հայերին, Սայաթ-Նովան հայկական մշակույթի ժառանգություն է, թե՞ վրացական, կամ թե, ո՞ր երկրի գինին է ավելի հին։ Քանի դեռ կենսունակ է այս բանավեճը, մենք անընդհատ շեղվելու ենք հիմնական առանցքից ու հարցադրումից, արդյո՞ք մենք երկու հարևան ժողովուրդներով բավարար չափով ենք ճանաչում իրար։ Ես կասեմ մենք առհասարակ  չենք ճանաչում մեկս մյուսին», - նկատում է Մատենադարանի տնօրեն Արայիկ Խզմալյանը՝ կոչ անելով երկու երկրների կառավարություններին՝ այդ ուղղությամբ ծրագրեր նախաձեռնել։
Լուսանկարները վերցված են armenpress.am կայքից։