Հայկազ Ֆանյան․ Առանձին վրացի պաշտոնյաներ ցանկանում են հայկական կոնյակի դիստրիբուցիայի նկատմամբ որոշակի վերահսկողություն սահմանել

Հայկազ Ֆանյան․ Առանձին վրացի պաշտոնյաներ ցանկանում են հայկական կոնյակի դիստրիբուցիայի նկատմամբ որոշակի վերահսկողություն սահմանել

Առանձին վրացի պաշտոնյաներ ցանկանում են հայկական կոնյակի դիստրիբուցիայի նկատմամբ որոշակի վերահսկողություն սահմանել, ինչով էլ պայմանավորված է վերջին շրջանում հայկական կոնյակի արտահանումների սահմանափակումները հայ-վրացական սահմանին։

Նման տեղեկություններով կիսվեց ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ «Տնտես

ական լրագրողների ակումբի» կողմից Երևանում կազմակերպված «Հայ-վրացական այսօրվա տնտեսական օրակարգը»  թեմայով պանելային քննարկման ընթացքում։  Միջոցառումն իրականցվեց վրացի լրագրողների համար կազմակերպված մեդիատուրի շրջանակներում։

Ֆանյանը նշում է, վրացական մաքսային ծառայությունները ու նաև սննդի վերահսկողություն իրականացնող մարմինները փորձում են ստուգել Հայաստանից արտահանվող հայկական կոնյակը և, հատկապես, այն կոնյակը, որի որակի վերաբերյալ կասկածներ անգամ չեն կարող լինել։ Օրինակ, Երևանի կոնյակի գործարանի, որը հանդիսանում է հայտնի Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն։

 «Խոսել, որ որակի թերացումներ կարող են լինել նրանց մոտ, ուղղակի իրատեսականության ժանրից անդին է։ Այդուհանդերձ, վրացի գործըկերները սահմանափակում են այդ խոշոր արտադրողի արտահանումները Ռուսաստան», - ասում է տնտեսագետը։ 

Իսկ որակի հետ կապված այսպես կոչված «անհանգստությունն» իրականում ունի առավել քան տրիվիալ պատճառ։ «Որոշ տեղեկություններով՝ առանձին պաշտոնյաներ ցանկանում են հայկական կոնյակի դիստրիբուցիայի նկատմամբ որոշակի վերահսկողություն սահմանել։ Այսինքն՝ ոչ թե հայաստանյան արտադրողները Վրաստանի տարածքով կոնյակն արտահանեն Ռուսաստան, այլ իրենք՝ վրացիների կողմից վերահսկվող ընկերությունները ձեռք բերեն այդ կոնյակը և վերաարտահանեն՝ արանքում որոշակի միջնորդավճարի դիմաց», - պարզաբանում է փորձագետը։

Նրա խոսքով, արդեն իսկ որոշ բարեխիղճ արտահանողներ պատրաստվում են դատական կարգով վիճարկել վրացական մաքսային ծառայության գործողությունները։ «Մենք ունենք ներդրումների պաշտպանության մասին և այլ համաձայնագրեր, ինչը թույլ է տալիս միջազգային արբիտրաժային դատարաններում բարձրացնել այդ խնդիրը», - ասում է նա։

Իհարկե, դա բացասական զարգացում կլինի երկու հարևան երկների հարաբերությունների համար, հավելում է Ֆանյանը։ «Մեր մտահոգությունը կայանում է նրանում, որ առանձին անհատների շահերը վեր են դասվում երկու երկրների բազմադարյա բարեկամությունից և տնտեսական հետաքրքրություններից։ Իսկ դա կարող է անցանկալի հետևանքներ ունենալ Վրաստանի համար անկախ նրանից, ով կլինի կառավարությունում։ Եվ այդ նեգատիվ նստվածքը կմնա երկու երկրների հարաբերությունների մեջ», - եզրափակում է նա։

Վրացի լրագրողները խոստացան լրագրողական հետաքննություն իրականցնել՝ տեղեկատվության հավաստիությունը պարզելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի վերջից հայ կոնյակագործներն ու գինեգործներն ահազանգում են, որ վրացական կողմը թույլ չի տալիս հայկական կոնյակով և գինիով բեռնված բեռնատարներին անցնել սահմանը։ Ալկոհոլային խմիչքն արտահանվում է Ռուսաստան՝ Վրաստանի տարածքով: Վրացական կողմը հայտարարում է, որ լաբորատոր փորձաքննությունների է ենթարկում  ապրանքը, որի հետևանքով հայկական ապրանքով բեռնված բեռնատարներն օրեր շարունակ մնում են Լարսի անցակետում։  

Հայ կոնյակագործներն ու գինեգործները մայիսին Երևանում Վրաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիաներ արեցին, սակայն իրենց հարցերի պատասխանները չեն ստանում։  Արտադրողներն ու արտահանողները, որոնք կրում են ահռելի ֆինանսական կորուստներ, պարզաբանում են պահանջում, թե ինչո՞ւ են իրենց արտադրանքով բեռնատարները և ապրանքը Վրաստանում ենթարկվում  լաբորատոր փորձաքննության, երբ այն նախատեսված չէ վրացական շուկայի համար և տարանցվում է Ռուսաստան,  այլ երկրներ: «Ստանդարտ մաքսային ընթացակարգեր են գործում»,- ընդգծում են Թբիլիսիից:

Այդ ընթացքում հայ արտահանողները ռուս գործընկերների հետ կնքած պայմանագրային ժամկետներն են կորցնում, իսկ հայկական խմիչքի համար նախատեսված դարակաշարերն, ասում են, ադրբեջանականով են լցվում։

Նշենք, որ հայկական կոնյակի հիմնական սպառողը Ռուսաստանն է։ Ըստ մաքսային ծառայությունից ստացված տվյալների՝ 2024 թվականին Հայաստանից արտահանվել է մոտ 235 մլն դոլարի կոնյակ, որի 80%-ը՝ դեպի Ռուսաստան։