ԱՄՆ-ում գնաճ է կանխատեսվում

ԱՄՆ-ում գնաճ է կանխատեսվում

Սպիտակ տան կողմից սահմանված մաքսատուրքերը մոտ ժամանակներս կբերեն զգալի գնաճի: Այս մասին հայտնել է Ամերիկյան Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելը։ Այդ հայտարարությունն արվել է ԱՄՆ-ում տոկոսադրույքները չնվազեցնելու որոշման մեկնաբանության շրջանակում։

Փաուելի խոսքով՝ գների աճը սպասվում է արդեն այս ամռանը։

«Ի վերջո, մաքսատուրքերի դիմաց ստիպված կլինեն վճարել, և այդ ծախսերի մի մասը կընկնի վերջնական սպառողի վրա», – ընդգծել է նա:

Գնաճի ցուցանիշի մի փոքր աճի մասին նշված է նաև Fed-ի պաշտոնական հայտարարության մեջ, որը հրապարակվել է նիստի արդյունքներով։ Այդ նիստում որոշում է ընդունվել պահպանել հաշվարկային տոկոսադրույքը տարեկան 4.25-4.5%-ի սահմաններում։

Այսպիսով, Fed-ը կրկին չի արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչերին՝ իջեցնել տոկոսադրույքները։ Վերջինս վերջերս պարբերաբար հանդես է գալիս նման պահանջով։ Նախօրեին նա կանխատեսել էր այս որոշումը և Փաուելին անվանել «հիմար»։