ՀԱԷԿ–ի արտադրած էլեկտրաէներգիան կարող է թանկանալ. ՀԾԿՀ պաշտոնյան` նոր օրինագծի մասին

Հայաստանում քննարկվում է նոր օրինագիծ, որը հաշվի է առնում երկարաժամկետ հեռանկարում ատոմակայանի էլեկտրաէներգիայի թանկացումը։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մաքսային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը։
Նրա խոսքով՝ նախագծի շուրջ քննարկումները նախնական փուլում են։
Ուլիխանյանը հիշեցրեց, որ Հայաստանում գործող իրավաբանական անձինք արդեն անցել են էլեկտրաէներգիայի լիբերալ գնումներին (ոչ «Հայաստանի էլեկտրական ցանցերից», այլ այլընտրանքային վաճառողներից): Բայց ինչ վերաբերում է էլեկտրաէներգիա արտադրողներին, այսինքն՝ էլեկտրակայաններին, ապա այստեղ առևտուրը մինչև վերջ ազատականացված չէ, և դա իր պատճառն ունի։
Հայկական ԱԷԿ-ից և Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադի էլեկտրաէներգիան համեմատաբար էժան է, և եթե այն ամբողջությամբ դուրս բերվի շուկա, ապա խոշոր ընկերությունները (հանքեր, արտադրություններ և այլն) անմիջապես կգնեն այն, ըստ այդմ՝ հասարակ քաղաքացիները կստանան ավելի թանկ էլեկտրաէներգիա։ Այդ պատճառով տվյալ կայանները ազատ վաճառքի են հանում արտադրվող էներգիայի 10%-ից քիչ ծավալը։
Այնուամենայնիվ, թե՛ ատոմակայանը, թե՛ Սևան-Հրազդան հիդրոկասկադը զգալի ներդրումներ են կատարում, որոնք արդյունքում չեն կարող չանդրադառնալ դրանց էլեկտրաէներգիայի ինքնարժեքի վրա։ Մասնավորապես, ատոմակայանն այժմ արտադրում է հանրապետության ամենաէժան էլեկտրաէներգիան, սակայն ապագայում նոր էներգաբլոկի կառուցման հսկայական ծախսերն անխուսափելիորեն կբարձրացնեն արտադրանքի գինը։
Ուլիխանյանը հավելեց, որ հաշվի առնելով վերը նշվածը՝ ատոմակայանից և Սևան-Հրազդան կասկադից էժան էլեկտրաէներգիա պահեստավորելու հարցը հնարավոր է` կորցնի արդիականությունը։
Աղբյուրը՝ arm.sputniknews.ru