Արար. Սոցիալական կայքերի օգտագործումն ըստ տարիքային խմբերի

«Արար» հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը ներկայացրել է հերթական սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։ Հետազոտությունն իրականացվել է մայիսի 8-ից հունիսի 5-ը ընկած ժամանակահատվածում։ Հարցումն իրականացվել է երեք տարիքային խմբերում։
«Հարցվողների 53 տոկոսը նշել է, որ սոցիակական ցանցերից առավել հաճախ օգտագործում է Facebook-ը, շուրջ 36 տոկոսը՝ Youtube-ը, 22 տոկոսը՝ Instagram-ը, 12 տոկոսը՝ Tiktok–ը, 8.5 տոկոսը՝ Telegram–ը, իսկ 14 տոկոսը դժվարացել է պատասխանել կամ չի օգտագործում սոցցանցեր»,–ներկայացրեց Արմեն Խաչիկյանը։
Ըստ իրականցված հետազոտության Youtube–ից համաչափորեն օգտվում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք, մինչդեռ Tiktok–ից ավելի շատ օգտվում են արական սեռի ներկայացուցիչները։ Facebook–ից և Instagram–ից ավելի շատ օգտվում են կանայք։
«Youtube–ից ավելի շատ օգտվում են ավելի մեծ տարիք ունեցող անձինք. մինչև 34 տարեկան երիտասարդների շուրջ 25 տոկոսն է օգտվում Youtube–ից, միջին տարիքի անձանց՝ շուրջ 35 տոկոսը, ավելի մեծ տարիքի անձանց՝ շուրջ 46 տոկոսը։
Tiktok–ում պատկերն այլ է. այս սոցիալական կայքից առավել հաճախ օգտվում են երիտասարդները. հարցված երիտասարդների 20 տոկոսն օգտագործում է Tiktok, միջին տարիքի անձանց՝ 16.4 տոկոսը, ավելի մեծ տարիքի անձանց՝ 9.5 տոկոսը»,–նշեց Խաչիկյանը։
Հետազոտության արդյունքների համաձայն Facebook սոցիալական կայքից ավելի շատ օգտվում են միջին տարիքի՝ 35-54 տարիքի անձինք։ Այս սոցիալական կայքից օգտվում են միջին տարիքի անձանց 64 տոկոսը, երիտասարդների՝ 47 տոկոսը, և մեծահասակների՝ 49 տոկոսը։
«Ենթադրելի էր, որ մինչև 34 տարեկան անձինք առավելապես օգտագործում են Instagram–ը. շուրջ 47.5 տոկոսը։ Միջին տարիքի անձանց ընդամենը՝ 15 տոկոսը, իսկ մեծահասակները շատ քիչ են օգտվում այս սոցկայքից՝ ընդամենը 7.2 տոկոս։ Զարմանալի է, բայց երիտասարդներն ավելի շատ են օգտվում Telegram–ից. երիտասարդների 17 տոկոսն է օգտագործում Telegram, միջին տարիքի անձանց՝ 7 տոկոսը և մեծահասակների՝ 2.9 տոկոսոսը»,–ներկայացրեց «Արար» հիմնադրամի տնօրենը։