«Բլոկչեյն և Web3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի որակավորում տրամադրող աշխարհում միակ կրթական ծրագիրն աննախադեպ դիմորդներ ունի

«Բլոկչեյն և Web3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի որակավորում տրամադրող աշխարհում առաջին և միակ կրթական ծրագրով սովորելու նպատակով 50 տեղի համար դիմել է 70-ից ավելի դիմորդ։
Ծրագիրը, որը մեկնարկել է նախորդ տարի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության և Web3 Հայաստան շահույթ չհետապնդող հիմնադրամի նախաձեռնությունն է։
Այս ծրագիրն աշխարհում առաջինն է, որն առաջարկում է բակալավրի կոչում «Բլոկչեյն և Web3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ՝ դառնալով նշանակալից նշաձող բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկրի կրթական առաջընթացի համար:
«Շատ ուրախ եմ, որ ծրագրի նկատմամբ առկա է շատ մեծ հետաքրքրություն, և 50 տեղի համար դիմել է 70-ից ավելի դիմորդ։ Այս ծրագիրը մեր երկիրն արդեն իսկ դիրքավորում է որպես թվային կրթության և նորարարության առաջատար։ Շատ շուտով ևս մեկ կարևոր՝ մագիստրոսական ծրագիր կներկայացնենք, որը ևս շատ կարևոր է մեր երկրի ու հատկապես ոլորտի զարգացման համար»,-նշում է Web3 Հայաստան շահույթ չհետապնդող հիմնադրամի համահիմնադիր Արտյոմ Հարությունյանը։
Բակալավրիատի ծրագիրը, որը մշակվել է համալսարանի և Web3 Armenia հիմնադրամի առաջատար փորձագետների հետ համատեղ, նպատակ ունի ուսանողներին զինել խորը գիտելիքներով և գործնական հմտություններով բլոկչեյնի վերաբերյալ: Ուսումնական ծրագիրը ստեղծվել է այս նորարար տեխնոլոգիական ոլորտում հմուտ մասնագետների աճող պահանջարկը լուծելու համար՝ խթանելով ակադեմիական գերազանցության և իրական աշխարհի խնդիրների լուծման միջավայրը: