ՀԲ. Հայաստանի ամսական տնտեսական զարգացումները՝ Հունիս

ՀԲ. Հայաստանի ամսական տնտեսական զարգացումները՝ Հունիս

Հրապարակվել է ՀԲ Հայաստանի ամսական տնտեսական զարգացումները հերթական զեկույցը, որում ամփոփված են ՀՀ տնտեսական ցուցանիշների վերլուծությունը ապրիլ ամսվա համար: Ըստ զեկույցի, ապրիլին տնտեսական աճն ավելացել է՝ կազմելով 5.4 տոկոս (տ/տ)։ Պահանջարկի առումով աճը ապրիլին հիմնականում պայմանավորվել է մասնավոր սպառումով։

Գնաճը շարունակել է գերազանցել 3 տոկոսի թիրախը՝ մայիսին հասնելով 4.3 տոկոսի։Գնաճը հիմնականում պայմանավորված էր սննդամթերքով և ոչ ալկոհոլային խմիչքներով (աճը 7.4 տոկոս, տ/տ)։ Բանջարեղենի գների բարձրացումը ամենաշատն է նպաստել սննդամթերքի գնաճին․ աճը հիմնականում պայմանավորված էր ներքին գյուղատնտեսական արտադրանքով։ Առողջապահության (աճը 3.4 տոկոս), տրանսպորտի (աճը 4.2 տոկոս) և ալկոհոլային խմիչքների (աճը 5.8 տոկոս) գնաճը ևս նպաստել է ավելի բարձր սպառողական գներին։ Կրթության գնաճն ամենաբարձրն էր (աճը 7.8 տոկոս, տ/տ), իսկ հագուստի և կոշիկի գնանկումն ամենամեծը (նվազումը 1.5 տոկոս, տ/տ)։

 Տնտեսական ակտիվությունն ապրիլին աճել է 5.4 տոկոսով (տտ՝ տվյալ ժամանակահատվածը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ)՝ մարտի 3.7 տոկոսի համեմատ (տ/տ) (պատկեր 1)։ Աճողական կտրվածքով՝ հունվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում աճը հասավ  4.4 տոկոսի (տ/տ)։ Ապրիլին, մարտի համեմատ, տնտեսական ավելի բարձր ակտիվությունն ապահովվեց շինարարության ավելի արագ աճի (աճը 18 տոկոս, տ/տ) և արդյունաբերության ծավալների ավելի դանդաղ կրճատման ֆոնին (նվազումը 8.7 տոկոս, տ/տ)։ Նշվածը պայմանավորված է էլեկտրաէներգիայի և էներգիայի արտադրության ավելի բարձր աճով և մշակող արդյունաբերության աճի տեմպի ավելի դանդաղ նվազմամբ (ապրիլին նվազումը 16 տոկոս՝ մարտի 26 տոկոսի համեմատ, տ/տ)։ Հանքարդյունաբերությունն աճել է 4 տոկոսով (տ/տ)։ Ծառայությունների առումով, առևտուրը և ոչ առևտրային ծառայություններն աճել են համապատասխանաբար 3.2 տոկոսով (տ/տ) և  5.6 տոկոսով (տ/տ)՝ մարտին գրանցված աճի գրեթե կեսի չափով (10.1 տոկոս, տ/տ)։ Բիզնեսի ամսական գրանցումների ցուցանիշը նվազել է 7․1 տոկոսով (տ/տ)՝ պայմանավորված անհատ ձեռներեցների գրանցման ցուցանիշի 10․4 տոկոսով նվազմամբ (տ/տ)։

Պահանջարկի առումով, 2025 թ․ առաջին եռամյսակում աճը հիմնականում պայմանավորված էր մասնավոր սպառումով (աճը 15.3 տոկոս, տ/տ)։ Կապիտալի համախառն կուտակումը աճեց 7 տոկոսով (տ/տ)՝ աճին փոքր նպաստում ունենալով, իսկ զուտ արտահանման նպաստումը բացասական էր։