ԶՖԿ հետ քննարկվել է Սյունիքում ջրային ռեսուրսների և գյուղատնտեսության համալիր զարգացումը

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանը հունիսի 23-ին հանդիպել են Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին։
Նրանց հետ քննարկվել է ԶՖԳ-ի խորհրդի կողմից վերջերս հաստատված «Հայաստանում ջրային ռեսուրսների և գյուղատնտեսության համալիր զարգացում» (WAIDA) ծրագրի Սյունիքին վերաբերող բաղադրիչը։
Գործակալության հայաստանյան ծրագրերի պատասխանատու Օդրի Կուրդիենի ու փարիզյան գրասենյակի Գյուղատնտեսության, կենսաբազմազանության և գյուղական զարգացման բաժնի ղեկավար Վինթենթ Տանգիի հետ մարզպետի աշխատակազմի պաշտոնյաները խոսել են նախագծի կառուցվածքային կետերի մասին, որոնք կարևոր են, որպեսզի 2026 թվականին տրվի ծրագրի մեկնարկը։
Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքներում ջրային ոլորտի ու գյուղատնտեսության համալիր զարգացմանն ուղղված ծրագիրը նախատեսում է ոռոգման համակարգերի վերականգնում և արդիականացում, բարձր արտադրողականությամբ և կլիմայի փոփոխությանը հարմարվող գյուղատնտեսության խթանում, ագրոբիզնեսի զարգացում և խելացի շուկայավարման մոտեցումներ, թվայնացված լուծումների ներդրում՝ «կանաչ» և խելացի գյուղատնտեսության համար։