Հինգուկես տարում 4.8 մլրդ դրամ՝ վարորդական վկայականի գործընթացի համար

Հինգուկես տարում 4.8 մլրդ դրամ՝ վարորդական վկայականի գործընթացի համար

երջին հինգուկես տարում քաղաքացիներն ավելի քան 4.8 մլրդ դրամ են վճարել ՀՀ պետական բյուջե՝  վարորդական վկայական ստանալու քննությունների և վարորդական վկայական ստանալու համար: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ՝ ամփոփելով գրավոր հարցմանն ի պատասխան Ներքին գործերի նախարարությունից ստացված տվյալները:

Նշենք, որ միայն այս տարվա հինգ ամիսների ընթացքում վարորդական վկայականի տեսական քննություն է հանձնել 33109, իսկ գործնական՝ 27699 անձ: Նույն ժամանակահատվածում վարորդական վկայական է ստացել 11688 անձ, որից 2493-ը կամ 21.3 տոկոսը առաջին փորձից:

2024 թվականին վարորդական վկայականի տեսական քննություն է հանձնել 49553, իսկ գործնական՝ 39321 քաղաքացի: Նախորդ տարի վարորդական վկայական է ստացել 22547 անձ, որից 5536-ըը կամ 24.5  տոկոսը՝ առաջին փորձից:

Նշենք, որ գործող կարգավորումների համաձայն՝ վարորդական իրավունք ստանալու համար անհրաժեշտ է հանձնել տեսական և գործնական քննություն:

Տեսական և գործնական քննությունները կարելի է հանձնել բազմաթիվ անգամներ, յուրաքանչյուր անգամ վճարելով սահմանված վճարները: Տեսական քննության դրական արդյունքը պահպանվում է 1 տարի, որի ընթացքում կարելի է գործնական քննություն հանձնել: Գործնական քննությունը բացասական ստանալու դեպքում անհրաժեշտություն չկա տեսական քննությունը նորից հանձնելու:

Տեսականի համար անհրաժեշտ է վճարել 3.000 ՀՀ դրամ, գործնականի համար՝ 13.000 ՀՀ դրամ։ Վարորդական իրավունքի վկայականի համար սահմանված է վճար՝ 12.000 ՀՀ դրամի չափով:

Իսկ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից քաղաքացիները հնարավորություն կունենան հավելյալ վճարի դիմաց վարորդական վկայական ստանալու համար քննությունը վերահանձնել նաև բացասական գնահատական ստանալու հաջորդ օրը։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած  օրենսդրական նախագծերի համապատասխան փաթեթը հավանության է արժանացել ՀՀ կառավարության մայիսի 15-ի նիստում:

Նյութն ամբողջությամբ՝ news.am