Գիտակրթական կապերի զարգացմանը զուգահեռ՝ կարևոր է նաև մշակութային ճանաչողության բարձրացումը

Գիտակրթական կապերի զարգացմանը զուգահեռ՝ կարևոր է նաև մշակութային ճանաչողության բարձրացումը

Հայ-վրացական հարաբերությունները կարևոր են մշակույթի, կրթության և զբոսաշրջության ոլորտներում, որոնք ի վերջո դառնում են զարգացող տնտեսության հիմքը։ Սակայն այսօր այս հարաբերությունների զարգացմանը խոչընդոտում են մի շարք խնդիրներ՝ քիչ տեղեկացվածությունը, լեզվի չիմացությունը, ինչպես նաև այն, որ լրատվամիջոցները հաճախ մակերեսային են ներկայացնում միմյանց։

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Գոռ Մարգարյանը, բանախոսելով «Հայ-վրացական մշակութային հարաբերությունները՝ որակական նոր փուլում» խորագրով պանելային քննարկմանը, խոսեց երկու պետությունների միջև կրթական և գիտական կապի մասին և նշեց, որ մեծ խնդիր է լեզվի չիմացությունը

-Մենք նախընտրում ենք սովորել մոտ 8000 կմ հեռավորության վրա գտնվող Չինաստանի լեզուն, բայց 200-300 կմ հեռավորության վրա գտնվող 3 հազարամյակից ավելի հարևանություն ունեցող երկրի լեզուն սովորելը երկու կողմերից, կարծես թե, շրջանցում ենք և շփվում միջազգային լեզուներով, ինչն առաջնային կարևորություն ունի։

Նրա խոսքով՝ 2017-2018 թվականներին ակտիվ աշխատանքների փուլ սկսվեց՝ համագործակցելով Թբիլիսիի պետական համալսարանի, Պատմության և ազգագրության ինստիտուտի, Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնի գործընկերների և մի շարք այլ համալսարանների, կենտրոնների հետ։ Վրաստանում, ի տարբերություն Հայաստանում այդ ժամանակահատվածի, գործում էին հայագիտության կենտրոններ, իսկ Հայաստանում 2024 թվականից ԵՊՀ-ում մենք ևս ունեցանք վրացագիտության կենտրոն։

Կրթական և գիտական ոլորտում երկու կողմերը փորձում են ակտիվ գործունեություն ծավալել, անգամ կորոնավիրուսային շրջանը խոչընդոտ չի հանդիսացել նախաձեռնություններ իրականացնելու համար։ Գիտակրթական կապերի զարգացմանը զուգահեռ կարևոր է նաև մշակութային ճանաչողության բարձրացումը։ Վրացի լրագրող Մամուկա Կուպարաձեն նշում է, որ Վրաստանի արևելյան մեծ քաղաքները հագեցած են հայկական մշակույթով և իրենք՝ վրացիները, ճանաչում են հայերին

-Մենք հրաշալի գիտենք հայերին, հայկական կերպարը։ Հին թաղամասերում հաճախ է լինում, որ երեխաները զուգահեռ սովորում են՝ ընկերների հետ միաժամանակ սովորելով և՛ հայերեն, և՛ հայոց պատմություն։

Սակայն այսօր այս ամենին զուգահեռ հայկական մշակույթը Վրաստանում դեռևս մնում է ոչ այդքան ճանաչելի, և այս հարցում կարևոր դեր ունի մեդիան։ Հիմնական պատճառն այն է, որ վրացական մեդիան անդրադառնում է հայկական թեմաներին, և դա հիմնականում կապված է հակամարտությունների հետ

-Իհարկե, մշակույթի և ազգագրության թեմաներն էլ կան, բայց շատ քիչ։ Դա մեզ պակասում է։ Մենք չգիտենք՝ ինչպես է ընթանում ձեր առօրյան, ինչպես է զարգանում ձեր մշակութային կյանքը։ Տնտեսական առումով ինչ-որ բաներ հասկանում ենք, բայց դա էլ մակերեսային է։ Դա վերաբերում է էներգետիկային, այն հաղորդակցություններին, որոնք անցնում են Վրաստանի տարածքով։- Նշում է Կուպարաձեն։

Մշակույթի ճիշտ ներկայացումը կարևոր է ոչ միայն մեդիայում, այլև բանավոր խոսքում զբոսաշրջիկներին երկիրը ներկայացնելիս։ Վրացի լրագրող Թինաթին Մոսիաշվիլին, աշխատելով դպրոցում և դասավանդելով «Իմ Վրաստանը» առարկան, կարևորում է այս մոտեցումը

-Մոտ մեկ ամիս առաջ ես և իմ վեցերորդ դասարանցիներն այցելեցինք Մթածմինդա։ Եղանք նաև հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցում։ Իհարկե, ցույց տվեցի իրենց, չգիտեմ՝ որքան կմտապահեն, բայց տեսանք նաև Նար-Դոսի շիրմաքարը։ Ես միշտ ասում եմ, որ այդ թեմաներից չխոսել չի կարելի։

Նրա խոսքով՝ պետք է մարդը կարողանա մնալ օբյեկտիվ՝ աշխատելով հայերի, ադրբեջանցիների, վրացիների հետ։ Քանի որ պատմությունը մի քանի անգամ վերաշարադրվել է, կարելի է ասել՝ և պետք է կարողանալ գտնել այն թելը, որով կարելի է կապել ամեն ինչ իրար։

Մշակութային ճանաչումը լավագույնս զարգանում է հենց այս՝ «շոշափելի» ճանապարհով՝ զբոսաշրջությամբ։ Այն, թերևս, կարևորագույն կապող օղակ է մշակույթի և տնտեսության մեջ։ 2025 թվականի հունվար–մայիսին Հայաստան է այցելել 691,9 հազզբոսաշրջիկ, որի 15%-ը  եկել են Վրաստանից։ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախկին նախագահ Զարմինե Զեյթունցյանը նշում է, որ զբոսաշրջությունը մշակութային փոխանակման ամենակարևոր գործիքներից մեկն է

-Ոչ կրթությամբ, ոչ լսարանում այդքան չես ճանաչի հարևան երկիրը կամ որևէ այլ երկիր, ինչքան, երբ  այցելում ես այդ երկիր։

Տարածաշրջանային ճանաչման և տնտեսական զարգացման համար զբոսաշրջությունը կարևոր դերակատարություն ունի։ Այս համատեքստում նաև կարևորվում է զբոսավարների պատրաստման և կրթության հարցը, քանի որ կարևոր է տեղեկատվային անվտանգությունը։ Ինչպես նշեց Զարմինե Զեյթունցյանը՝ կարիք կա ձևավորելու նոր մոտեցում տուրիզմի կազմակերպման հարցում

-Ուղեկցորդներից ամեն մեկն իր ցանկացած պատմությունն է պատմում հայերը վրացիների մասին, վրացիները՝ հայերի։ Այսօր մենք փորձում ենք այստեղ մեր նոր տուրիզմի ռազմավարությամբ մշակել էքսկուրսավարների լիցենզավորման հարցը, որովհետև պետք է հստակ կրթություն անցնել և կարողանալ ճիշտ ներկայացնել երկու երկրների մշակույթները։

Մատենադարանի տնօրեն Արայիկ Խզմալյանը ևս կարևորում է գրագիտությունը, ինչպես նաև հանդուրժողականությունը մշակույթի պահպանման և փոխանցման համար։ Ըստ նրա՝ Մատենադարանը ամբողջացումն է այդ մշակութային հանդուրժողականության, որը բարձրագույն դրսևորում է, երբ մարդը գոյաբանական վտանգի առջև փրկում է այլ ժողովուրդների գրավոր ժառանգությունը և կոթողները,

-Երբ մենք մրցակցում ենք Փարաջանովի կամ Համո Բեկնազարյանի կամ Սայաթ-Նովայի շուրջ, մենք պիտի հասկանանք, որ այս անունները մուլտիկուլտուրա անուններ են։ Ես չգիտեմ՝ Սայաթ-Նովան ավելի շատ վրացականությունն էր սիրում, թե՞ հայկականությունը, չգիտեմ՝ Փարաջանովը ավելի շատ հայկական մշակույթն էր սիրում, թե՞ վրացականը։ Դրա համար, երբ մենք խոսում ենք այս երևույթների մասին, ինչո՞ւ ասացի՝ կարևորում եմ գրագիտություն բառը, որովհետև մշակույթի մասին պիտի խոսեն գրագետ մարդիկ և գրագիտություն ունեցող մարդիկ, որ կարողանան հստակ բացատրել հանրությանը՝ էթնոգրաֆիան և էթնիկ մշակույթը մի բան է, ազգային մշակույթը այլ բան է։

Խզմալյանի խոսքով՝ պետք չէ մշակույթը բացատրել և սահմանափակել ստեղծագործողի ծագումնաբանությամբ, որովհետև ստեղծագործողի անձը և նրա արվեստը տարբեր բաներ են։

 «Կինոաշխարհ» ՀԿ հիմնադիր, մշակութային լրագրող Ռուզան Բագրատունյանը նույնպես խոսեց հանդուրժողականության մասին՝ այն կարևորելով իր հեղինակային գրքում՝ «Համր կինոյի խոսուն կանայք»-ում։ Հեղինակը նկարագրել է շատ կանանց, որոնք անմիջական կապ ունեն ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի հետ։

Մշակույթի, գիտակրթական թեմաների ներկայացման այս տարբեր ուղղությունների նպատակը հստակ է՝ երկրների ճշգրիտ պատկերումը և ինչու ոչ, նաև տնտեսության զարգացումը։ Այս ամենում մեծ և կարևոր դեր ունեն երիտասարդներն ու մեդիան։ Մոսիաշվիլիի խոսքով՝ պետք է ավելի շատ համագործակցել լրագրողների հետ՝ տեսնելով սոցիալական ինտենսիվությունը։

Այս կարևոր ոլորտները կարող են ոչ միայն ուժեղացնել Հայաստանի և Վրաստանի համագործակցությունն, այլև՝ նպաստել ամբողջ տարածաշրջանի սոցիալական և տնտեսական կապերի զագացմանը։