2024-ին աշխարհի ֆինանսական ակտիվների ծավալը հասել է ռեկորդային՝ 305 տրիլիոն դոլարի

2024-ին աշխարհի ֆինանսական ակտիվների ծավալը հասել է ռեկորդային՝ 305 տրիլիոն դոլարի

2024 թվականին աշխարհի ֆինանսական ակտիվների ծավալն աճել է 8.1%-ով՝ հասնելով ռեկորդային 305 տրիլիոն դոլարի: Այս մասին նշված է Boston Consulting Group (BCG) միջազգային խորհրդատվական ընկերության տարեկան զեկույցում։

Այս աճին նպաստել են բաժնետոմսերի ուժեղ շուկաները և ներդրողների լավատեսական տրամադրվածությունը։

Հյուսիսային Ամերիկան և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը շարունակում են մնալ ամենաարագ աճող շրջանները՝ ցուցաբերելով համապատասխանաբար 14.9% և 7.3% աճ՝ ԱՄՆ դոլարով հաշվարկված։ Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում ֆինանսական ակտիվներն աճել են 4.8%-ով, Արևմտյան Եվրոպայում՝ 0.8%-ով, իսկ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում՝ 0.3%-ով։ Միևնույն ժամանակ Լատինական Ամերիկայում արձանագրվել է նվազում՝ 9.3%, իսկ Ճապոնիայում՝ 5.2%։

Անցած տարի աշխարհում ընդհանուր առմամբ իրական ակտիվները աճել են 4.4%-ով։ Մասնավորապես՝ Լատինական Ամերիկայում դրանք աճել են 2.2%-ով, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում՝ 8.4%-ով, Հյուսիսային Ամերիկայում՝ 11.2%-ով, Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում՝ 1.4%-ով, իսկ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ 2.7%-ով։ Մինչդեռ Ճապոնիայում այս ցուցանիշը նվազել է 6.1%-ով, իսկ Արևմտյան Եվրոպայում՝ 1.8%-ով։

Ֆինանսական ակտիվների մեջ ներառված են կանխիկ գումարներն ու դեպոզիտները, պարտատոմսերը, բաժնետոմսերը և ներդրումային ֆոնդերի բաժնեմասերը, ինչպես նաև կյանքի ապահովագրությունն ու կենսաթոշակային ֆոնդերում կուտակումները։ Իրական ակտիվները ներառում են անշարժ գույք, թանկարժեք և երկարատև օգտագործման ապրանքներ, օրինակ՝ ոսկու ձուլակտորներ և այլ թանկարժեք մետաղներ։

Անցյալ տարի աշխարհում ընդհանուր մասնավոր պարտքը աճել է 0.2%-ով՝ հասնելով 60.8 տրիլիոն դոլարի։ Մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում այն աճել է 13.4%-ով, Հյուսիսային Ամերիկայում՝ 2.2%-ով, իսկ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ 0.3%-ով։ Միևնույն ժամանակ Լատինական Ամերիկայում այն նվազել է 7%-ով, Ճապոնիայում՝ 5.5%-ով, Արևմտյան Եվրոպայում՝ 2.7%-ով, իսկ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում՝ 2.9%-ով։ Այս ցուցանիշը ներառում է վարկերը:

Արդյունքում՝ 2024 թվականին աշխարհում ակտիվների զուտ ծավալն աճել է 4.4%-ով։ Սա ավելի ցածր է, քան վերջին չորս տարվա միջին տարեկան աճը՝ 5.3%։

«Արժույթների տատանումներն ու գնաճը նվազեցնում են եկամտաբերությունը, իսկ աշխարհաքաղաքական լարվածությունը հանգեցնում է պատմականորեն բարձր անորոշության մակարդակի», – ասվում է BCG-ի զեկույցում։