Վերականգնվել է պետությանը պատճառված 1,000,000 դոլարին համարժեք 400,000,000 դրամ վնասը

Վերականգնվել է պետությանը պատճառված 1,000,000 դոլարին համարժեք 400,000,000 դրամ վնասը

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ Մ.Ղ.-ն, հանդիսանալով ապրանքների ներմուծմամբ և իրացմամբ, մթերքի արտադրությամբ, պարենային ապրանքների մեծածախ և մանրածախ վաճառքով զբաղվող ՍՊ ընկերության հիմնադիրն ու տնօրենը, առանձնապես խոշոր չափերով՝ 400 միլիոն դրամ հարկ չվճարելու նպատակով՝ հարկային մարմին ներկայացված հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ:

Մասնավորապես՝ Մ.Ղ.-ն, խախտելով «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի և Հարկային օրենսգրքի 22-րդ գլխի (իրավահարաբերությունների ձևավորման պահին գործող խմբագրությամբ) պահանջները, 2013-2016 թվականներին, առանց կատարված գործարքների վերաբերյալ դուրս գրված հաշիվների, մեկ այլ կազմակերպության հաշվին փոխանցել է ընդհանուր 2 միլիարդ դրամ, որի հետևանքով ընդհանուր 400 միլիոն դրամ շահութահարկի գումար չվճարելու նպատակով՝ նվազեցրել է հարկվող շահույթը և հարկային մարմին ներկայացված՝ 2013, 2014, 2015 և 2016 թվականների տարեկան հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ:

Հաշվի առնելով, որ քրեական վարույթում առկա են եղել հանցանքի կատարումը վկայող բավարար փաստեր՝ 2024 թվականի հունիսի 23-ին հսկող դատախազի կողմից սեփական նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Մ.Ղ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելը):

Նախաքննության փուլում Մ.Ղ.-ն ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված 400 միլիոն դրամ վնասը:

2025 թվականի հունիսի 23-ին դատախազի սեփական նախաձեռնությամբ որոշում է կայացվել Մ.Ղ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնել՝ ոչ արդարացնող հիմքով: