ՏԿԵՆ-ում քննարկվել են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության համաժողովի անցկացման հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր կայացել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստի կազմակերպման և անցկացման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը։
Ինչպես հայտնում են ՏԿԵՆ-ից, նիստի ընթացքում քննարկվել են նոյեմբերի 17-21-ը Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (ԱՃԹՆ, EITI) միջազգային ասոցիացիայի համաժողովի հերթական նիստը ՀՀ-ում անցկացնելու վերաբերյալ կազմակերպչական հարցեր։
Նախարարի տեղակալը նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ ԱՃԹՆ (EITI) միջազգային ասոցիացիային անդամակցում է 56 երկիր, որոնց ներկայացուցիչները այցելելու են Հայաստան։ Միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ Հայաստան են այցելելու նաև հանքարդյունաբերության ոլորտում մեծ հեղինակություն ունեցող ընկերությունների ներկայացուցիչներ։
Առաջարկվել է համաժողովի ընթացքում կազմակերպել հանդիպումներ ներդրողների հետ, ներկայացնել շնորհանդեսներ, որոնցում արտացոլված կլինի Հայաստանի ներդրումային գրավչությունը։