ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը Սևանում նոր գրասենյակ է բացել

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը Սևանում նոր գրասենյակ է բացել
 
Հունիսի 25–ին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Սևանի համայնքապետարանի շենքի 4–րդ հարկում նոր գրասենյակ բացեց՝ ընդլայնելու գործունեությունը Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում։ Նման կենտրոններ արդեն գործում են Սյունիքում և Հայաստանի հյուսիսային մարզերում։
ՊՀԾ-ն կաջակցի այն համայնքներին, որոնք ապավինում են գյուղատնտեսությանը որպես զբաղվածության աղբյուր՝ օգնելով ոռոգման համակարգերով և կառուցելով կայուն, կլիմայի նկատմամբ զգայուն պարենային համակարգեր:
«Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում մեծ ներուժ կա, և մենք ցանկանում ենք զարգացնել գյուղատնտեսական ենթակառուցվածքները և լրացուցիչ հնարավորություններ ստեղծել մարդկանց համար: ՊՀԾ-ն արդյունավետորեն համագործակցում է Հայաստանի կառավարության հետ և ներգրավելով համայնքների անդամներին՝ խթանում կայունությունը տարածաշրջանում՝ բացահայտելով և լուծելով մարզերում առկա մարտահրավերները»,- ասել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուն:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի նոր գրասենյակի բացմանը ներկա էին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Վահան Զարոյանը և Ջանիկ Բազեյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանը, Սևան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Սևանի համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ։
«Մարզպետ Կարեն Սարգսյանի և մեր անունից թույլ տվեք շնորհավորել բոլորիս Սևան քաղաքում ՊՀԾ-ի նոր գրասենյակ բացելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին մինչ օրս Գեղարքունիքի մարզում իրականացրած կարևոր ծրագրերի համար։ Այս գրասենյակի առկայությունը կբարձրացնի մարզի փոքր և միջին գյուղացիական տնտեսությունների արտադրողականությունն ու շահութաբերությունը»,- նշել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։
Սևան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանը նույնպես շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուին և ծրագրի պատասխանատուներին Սևանում նոր գրասենյակի բացման առթիվ։ «Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի և իմ անունից շնորհավորում եմ բոլորիս և շնորհակալություն հայտնում նոր գրասենյակի Սևան քաղաքում բացման առթիվ։ Համոզված եմ, որ մեր համագործակցությունը դրականորեն է ազդելու մեր համայնքի և ժողովրդի վրա: ՊՀԾ-ի հետ միասին մենք կբարելավենք գյուղատնտեսության աճը և կստեղծենք կրթական միջավայր, որպեսզի մարդիկ կարողանան ավելացնել իրենց եկամուտները և հոգալ իրենց կարիքները»,- ասել է Սևան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանը։
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը Գեղարքունիքում, ի թիվս այլ ծրագրերի, իրականացնում է նաև «Դպրոցական սնունդ» ծրագիրը՝ ապահովելով տարրական դասարանների երեխաներին տաք և սննդարար կերակուրներով:
ՊՀԾ-ն նաև իրականացնում է դպրոցական գյուղատնտեսական ծրագրեր ամբողջ Հայաստանում, այդ թվում՝ Գեղարքունիքում, որտեղ դպրոցներին աջակցում են ագրո-կարողություններով՝ ջերմատների, ինտենսիվ այգիների և արևային կայանների տեսքով, որոնք երկակի դեր են խաղում և ունեն կրթական նշանակություն՝ դպրոցների համար վերածվելով եկամուտի աղբյուրի և ապահովելով դրանց ինքնակայունությունը։