Tesla-ի բաժնետոմսերը աճել են 8%-ով՝ Տեխասում ռոբոտաքսիի գործարկումից հետո

Tesla-ի բաժնետոմսերը աճել են 8%-ով՝ Տեխասում ռոբոտաքսիի գործարկումից հետո

ԱՄՆ Տեխաս նահանգի Օսթին քաղաքում Tesla ընկերությունը պաշտոնապես գործարկել է իր ռոբոտաքսիների փորձնական ծրագիրը։ Նախագծի մեկնարկից անմիջապես հետո ընկերության բաժնետոմսերի արժեքն աճել է 8%-ով։

Առաջին անվարորդ Model Y էլեկտրամեքենաներն արդեն սկսել են փոխադրել ուղևորներ՝ սահմանափակ քանակով։ Ծրագրում նախնական մուտք են ստացել Tesla-ի բաժնետերերը և սոցիալական ցանցերում ընկերությունը ակտիվորեն գովազդող բլոգերները։

Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը իր X (նախկինում՝ Twitter) միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել այն թիմերին, որոնք զբաղվել են ինքնավար կառավարման համակարգերի համար ծրագրային ապահովման և չիպերի մշակմամբ։ Նա ընդգծել է, որ այդ թիմերն ամբողջությամբ ձևավորվել են ընկերության ներսում և պահանջել են երկար տարիների աշխատանք։

Ծրագրի առաջին մասնակիցներից մի քանիսը հայտնել են, որ իրենց ուղևորությունների ընթացքում լուրջ խնդիրների չեն բախվել։ Ի պատասխան՝ Մասկը վերահրապարակել է մի շարք դրական արձագանքներ՝ ընդգծելով համակարգի հուսալիությունը։ Ըստ տեղեկությունների՝ մեկ ուղևորության արժեքը կազմել է 4.20 դոլար։

Այնուամենայնիվ, ամերիկյան CNBC և The Verge լրատվամիջոցները հայտնել են նաև ռոբոտաքսիների կողմից երթևեկության կանոնների խախտումների մասին։ Մասնավորապես, գրանցվել է դեպք, երբ Tesla-ի մեքենան ընթացել է հակառակ ուղղությամբ, ինչպես նաև տեսագրություն է տարածվել, որտեղ ռոբոտաքսին հանկարծակի արգելակել է՝ ոստիկանների ներկայությունից։

Չնայած որոշ մասնագետների կողմից հնչող քննադատությանը, Tesla-ն շարունակում է ընդլայնել ռոբոտաքսիների նախագիծը՝ փորձելով հասնել շուկայում առաջատար դիրքեր զբաղեցնող ընկերություններին։ Այդ թվում՝ Alphabet-ի սեփականությունը հանդիսացող Waymo-ն, որն արդեն իրականացնում է շաբաթական ավելի քան 250 հազար վճարովի ուղևորություն և անցել է 10 միլիոն երթուղու սահմանը։ Նրան մրցակից են նաև չինական Baidu ընկերությունը (Apollo Go ծառայությամբ), ինչպես նաև WeRide և Pony.ai ստարտափները։ Apollo Go-ն արդեն գերազանցել է 11 միլիոն ուղևորության շեմը։