ՀԷՑ-ը կարմիր գծերն անցել է, պրոցեսը մի փուլանի չի լինի, բայց կառավարումը պետք է վերցնենք մեր ձեռքը. Փաշինյան

Ուզում եմ հիշենք, որ մենք 2018-2019-2020 թվականներին շատ ակտիվ քննարկում էինք ունենում մեր էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման մասին և, ըստ էության, այս ընթացքում մենք ատոմակայանի համարյա երկու հզորության վերականգնող արևային էներգիայի հզորություններ ենք գեներացրել։ Այս մասին այսօր՝ հունիսի 26–ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սա համարում է լուրջ ձեռքբերում։
«Իհարկե էներգետիկ ոլորտի կառավարման առումով որոշակի նոր իրավիճակ է առաջացել որտեղ ադապտացվելու կառավարման խնդիրներ կան, բայց ինքնին այդ ցուցանիշը ես չափազանց կարևոր եմ համարում։ Պատկերացնում եք՝ չնկատելով երկու ատոմակայան ենք ստացել և հիմա հարց է այդ երկու ատոմակայանի ատոմակայանը ինչպես կառավարենք։
Ուզում եմ ասել նաև, որ մենք էներգետիկայի ոլորտում ունենք խնդիրներ, այդ թվում էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված։ Օրինակ, երեկ ես մասնակցում էի հիպերմոլի բացման արարողությանը և բացման արարողության ժամանակ հիպերմոլը հոսանքազրկվեց։ Պատկերացնու՞մ եք, մարդիկ 70 միլիոն դոլարի ներդրում են արել, համենայնդեպս ինձ այդպես ասեցին, և չեն կարողանում նորմալ բացման արարողություն անել։
Այստեղ երկու տարբերակ կա, մի տարբերակէ այն է, որ հատուկ սաբոտաժ է արվել, մյուս տարբերակն այն է, որ համակարգը տեխնիկապես ի վիճակի չի։ Երկու դեպքում էլ իրենք բոլոր գծերը անցել են և մենք առաջիկայում արդեն պետք է անցնենք դրա իրագործման փուլին։
Իհարկե պրոցեսը չի լինի մի փուլանի, բայց ակնհայտ է որ պետությունը պետք է շատ արագ վերցնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր»–ի կառավարումը և հետագա գործընթացները պետականացման և ընկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ պետք է արագ և արդյունավետ իրականացնենք»,– հայտարարեց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ հարցը քաղաքական մակարդակով քննարկվել է ՔՊ–ի վարչության նիստում։ «Ազգային ժողովի ՔՊ խմբակցությունը նույնպես քննարկումներ է ունեցել և այդ թվում կառավարության գործընկերների։ Համատեղ աշխատանքով նաև օրենքի նախագիծ է արդեն դրվել շրջանառության մեջ։ Այսօրվա օրակարգում ընդգրկված է, արտահերթ նիստով համապատասխան օրենսդրական փոփոխությունները կիրականացվեն, և շատ արագ, ես կարծում եմ՝ առաջին անհրաժեշտ գործողությունը տեղի կունենա։ Դրա իմաստը կլինի այն, որ պետությունը, կառավարությունը կստանձնի Հայաստանի էներգետիկ ցանցերի կառավարումը։ Այդ կետից սկսած արդեն մենք ավելի հանգիստ պայմաններում հետագա սցենարները կքննարկենք, թե ինչ սցենարով ենք գնում։
Որ սցենարով էլ, որ մենք գնանք, մենք մի X պահի պետք է ապահովենք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության հնարավորությունը։ Ընդ որում, նաև մեր այս ընթացքի փորձը հաշվի առնելով, պետք է այնպիսի երաշխիքներ ստանանք, որ Հայաստանի ոչ միայն ընկերությունները, ոչ միայն կորպորացիաները, այլև քաղաքացիները, իրենք իրենց խնայողությունները հնարավորություն ունենան ներդնել, այսինքն բաժնետոմսեր ձեռք բերել։ Մենք նման ռազմավարական նպատակ ունենք նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պարագայում, որպեսզի մեր քաղաքացիները իրենց խնայողություններով հնարավորություն ունենան որոշակի բաժնետոմսեր ձեռք բերել և ժառանգել իրենց երեխաներին, իրենց սերունդներին կամ, չգիտեմ, օգտագործել հետագայում այնպես, ինչպես իրենք են ուզում։ Սա մեր հարուցած գործընթացների վերջնակետերից, կարևոր վերջնակետերից և արդյունքներից մեկը պետք է լինի»,– ընդգծեց վարչապետը։