ՀԷՑ-ի պետականացումը մասնավոր բիզնես խլել չէ, նախագիծը կներառվի ԱԺ արտահերթ նիստում. Պապոյան

ՀԷՑ-ի պետականացումը մասնավոր բիզնեսի խլում չէ, մեր օրենսդրությամբ բոլոր հիմքերը սահմանված են: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Վարչապետը նշեց առաջին քայլի մասին, որը կառավարման մասին է, ավելի մանրամասն օրենքի նախագծի փոփոխությունը արտահերթ նիստում կլինի առաջիկա օրերին։ Որքան տեղեկացված եմ, արդեն իսկ ՔՊ խմբակցությունը նախագիծը պատրաստել է, շրջանառման փուլում է և արտահերթում լինելու է։ Դրանից ավել այս պահին չեմ կարող ինձ թույլ տալ մեկնաբանել»,–ասաց նա։
Պապոյանը դեպքեր նշեց, երբ հոսանքի անջատումների պատճառով գործարարները վնասներ են կրում. «Օրինակ, մի գործարար նոր տեխնոլոգիաներ է գնել և ՀԷՑ–ի կողմից անջատումների հետևանքով փչացել են, որովհետև ոչ մի ճապոնացի չի պատկերացնում, որ օրինակ օրը հինգ անգամ կարող է լույսը անջատվել»։
Նրա խոսքով՝ մեր օրենսդրությամբ բոլոր հիմքերը սահմանված են:
«Այն ինչ որ տեղի կունենա բացառապես մեր օրենսդրությամբ սահմանված է: Ո՞րն է ամենակարևորը՝ կարևոր է պետությունը, ժողովուրդը, հանրությունը, մենք այդ կարևորության տրամաբանությամբ պետք է չարժվենք: Չենք կարող մեկ մարդու շահը գերադասենք միլիոնավոր մարդկանց շահերից: Մենք չենք կարող մեկ մարդու ասել՝ դու ինչ ուզես կարող ես անել, և, օրինակ, հազարավոր տնտեսվարողներ բիզնեսներ կորցնեն, գումարներ կորցնեն, 100 հազարավոր մարդիկ մնան առանց լույս, պետական համակարգը պարալիզացվի, որովհետև երեկ էկոնոմիկայի նախարարությունում հոսանքը կես ժամը մեկ անջատվում էր»,- ասաց Պապոյանը: