Երեկվա դրությամբ ծիրանով բեռնված 626 մեքենա հասել է ՌԴ, 363-ը՝ ճանապարհին է. Պապոյան (լրացված)

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադարձել է ծիրանի արտահանմանը։
«Երեկվա դրությամբ 626 մեքենա միայն հունիսին հասել է ՌԴ, 363 բեռնատար ճանապարհին է, միայն 69-ը երեկ է դուրս եկել։ Այսինքն` նրանք ակնհայտորեն անգամ չեն էլ հասել »,-ասաց նա՝ ընդգծելով մաքսակետում առկա հերթերը, որպես օբյեկտիվ պատճառ։
« Շատ մեծ հերթեր կան Վերին Լարսում, որովհետև այդտեղով անցնում է ոչ միայն Հայաստանի, այլև այլ երկրների՝ Վրաստանի և Թուրքիայի բեռները, այդ թվում նաև ծիրանով բեռնված մեքենաները»,-ասաց նա՝ հավելելով, որ ծիրանը, որպես շուտ փչացող ապրանք, արտահերթության իրավունք ունի։
Անդրադառնալով կոնյակի արտահանմանը՝ Պապոյանը նշեց, որ երեկ Լարսի անցակետով անցել է կոնյակով բեռնված 7 բեռնատար։
«Կոնյակը չի համարվում շուտ փչացող ապրանք, ուստի նրանց հերթի հետ կապված հարցը մի փոքր բարդ է։ Երեկ անցել է ընդամենը 7 մեքենա, սակայն, այս պահին հերթի մեջ սպասող տասնյակ մեքենաներ կան։ Այսինքն դրական եզրակացության որևէ խնդիր չկա, պարզապես սպասում ենք հերթին։ Գործընկերների հետ ունենք պայմանավորվածություն, որ առաջիկա օրերին այդ մեքենաները դուրս են գալու»,-ասաց Պապոյանը։