Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները և դրանց շրջանակները կտեղափոխվեն «Մինաս Ավետիսյանի թանգարան»

Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները և դրանց շրջանակները կտեղափոխվեն  «Մինաս Ավետիսյանի թանգարան»
Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները և դրանց շրջանակները Կառավարության որոշմամբ Կառավարական տան նիստերի դահլիճից կտեղափոխվեն Շիրակի մարզ՝ Ջաջուռի «Մինաս Ավետիսյանի թանգարան», ինչն էլ հնարավորություն կտա դրանք առավել արդյունավետ օգտագործել և ցուցադրել թանգարանային միջավայրում:
Որմնանկարների տեղափոխումը կնպաստի մշակութային զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև դիտարկվում է որմնանկարների անվտանգ պահպանությունն ապահովելու և հանրայնացնելու անհրաժեշտության տեսանկյունից:
Երկամսյա ժամկետում կիրականացվեն հանձնման-ընդունման աշխատանքները։
«Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները հեղինակը նկարել է 1973 թվականին։
«Հանդիպում» կամ «Աղբյուրի մոտ» որմնանկարին գրված է. «Նվիրվում է 1915թ. Եղեռնի զոհերի հիշատակին»: Միանգամայն հասկանալի է որմնանկարում պատկերված աղբյուրի խորհուրդը. այն նկարչի կողմից ստեղծված երևակայական մի հուշարձան է եղեռնի զոհերի հիշատակին:
Նույն տրամադրությամբ, սակայն այլ լուծմամբ է նկարիչը մոտեցել «Խաչքարի մոտ» կամ «Ողբ Անուշի» որմնանկարին: Առանձնակի ուշադրություն է գրավում կոմպոզիցիայի վերջին աջ կերպարը, որն, ասես, միջնադարյան մանրանկարչությունից վերցված սրբի պատկեր լինի: Նկարիչը բազմիցս անդրադարձել այս թեմային թե կտավներում, թե որմնանկարներում: