Վեց ամսով կերկարաձգվեն ԵՄ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Վեց ամսով կերկարաձգվեն ԵՄ՝  Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Բրյուսելում անցկացված գագաթնաժողովում ԵՄ առաջնորդները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ևս վեց ամսով երկարաձգելու վերաբերյալ։ Ըստ ТАСС գործակալության՝ կոնսենսուսի մասին հայտնել է եվրոպական դիվանագիտական ​​աղբյուրը։

«Գագաթնաժողովում կոնսենսուս է ձևավորվել Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցառումների երկարաձգման վերաբերյալ», - նշել է գործակալության աղբյուրը։

Եվրամիությունն առաջին անգամ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ է կիրառել 2014 թվականի ամռանը՝ դրանց տևողությունը սահմանելով վեց ամիս։ Այդ ժամանակվանից ի վեր պատժամիջոցները պարբերաբար երկարաձգվել են։ Ներկայում գործում է 17 պատժամիջոցների փաթեթ, որոնք ընդգրկում են ոլորտների լայն շրջանակ՝ ֆինանսներից և էներգետիկայից մինչև առևտուր և տեխնոլոգիաներ։

Չնայած առանձին երկրների, մասնավորապես՝ Հունգարիայի և Սլովակիայի՝ պատժամիջոցների քաղաքականության երկարաձգումը խոչընդոտելու մտադրության մասին պարբերաբար արվող հայտարարություններին, գործնականում բոլոր որոշումները մինչ օրս ընդունվել են միաձայն։

Բացի գործող միջոցառումների երկարաձգումից, գագաթնաժողովում քննարկվում է նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի հնարավոր ներդրումը։ Այդ քննարկման մանրամասները դեռևս չեն հրապարակվել։